Ռուս-ուկրաինական հակամարտության ներկա փուլի, հնարավոր զարգացումների և կողմերի հայտարարությունների վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։
- Պրն Քեռյան, սկսվել է ռուսական զորքերի գլխավոր հարձակումը Դոնբասում։ Կարծիքներ կան, թե այս ճակատամարտը կարող է հակամարտության հանգուցալուծման համար վճռորոշ լինել։
- Ուկրաինայում ռազմական գործողությունը սկզբնական շրջանում, իմ տպավորությամբ, ուներ այլ պլան։ Պարզ երևում էր, որ ռուսական կողմը ցանկանում էր գրավել Ուկրաինայի հանգուցային քաղաքաները, որոնք կարող էին Ուկրաինային ծնկի բերել՝ Խարկով, Կիև, Օդեսա, բայց անակնկալի եկան, երբ հանգուցային քաղաքների գրավման գործողությունը չստացվեց։ Ըստ էության՝ ձգձգվեց Կիևի գրավումը, ինչը ռուսական կողմին մեծ կորուստներ տվեց։ Խարկովի գրավման օպերացիան շարունակվում է, բայց ոչ ռեալ արդյունքներով։ Դրանից հետո փոխվեց ռուսական մարտավարությունը։
Երբ ՌԴ-ն ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, Պուտինը հայտարարեց, որ անկախությունը ճանաչում են Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմաններում, բայց իրականում Դոնեցկի Հանրապետությունը մոտ կիսով չափ էր զբաղեցնում նախկին Դոնեցկի մարզի տարածքը, Լուգանսկի դեպքում ևս՝ բավականին շրջաններ կային, որ դուրս էին մնացել այդ ինքնահռչակ հանրապետության վերահսկողությունից։ Դրանից հետո, հասկանալով, որ խոշոր քաղաքների գրավումը պահանջում է մեծ մարդկային ուժ, որը կարող է նաև տանել մեծ կորուստների և որոշակի դժգոհություններ առաջացնել ռուսական հասարակության ներսում, ռուսական կողմը փոխեց մարտավարությունը՝ այս անգամ հիմնական խնդիրը դարձնելով Դոնեցկի մարզի լիակատար գրավումը և սուվերենիտետի հաստատումը, Լուգանսկի մարզի ամբողջական մաքրումն ուկրաինական ուժերից և Մարիուպոլի գրավումը, որ կարողանա ցամաքային լեզվակով կապվել Ղրիմի հետ և, միաժամանակ, Ուկրաինային լրիվ զրկել Ազովի ծով ելքից։
Հիմա երկրորդ փուլն ընթանում է այս պլանով, դրա տրամաբանական ապացույցն է նաև այն, որ ռուսական զորքերը հեռացան Կիևի, Չեռնիգովի շրջաններից, որ կարողանան ծավալել, այսպես կոչված, Դոնբասի ճակատամարտը։ Ռազմական գործողությունները նոր են ամբողջ թափով ընթանում։ Պետք է հասկանալ՝ ինչ ընթացք կլինի, բայց բավականին դժվարություններ կան, որովհետև Արևմուտքն Ուկրաինային զինում է ամենաարդիական զենքերով, և այդքան հեշտ չէ՝ նման սպառազինությամբ և նման մեծ օգնություն ստացող կողմին հեշտությամբ ջախջախել։ Ռուսական կողմը դանդաղ, սողացող, բայց հաջողություններ ունենում է այս ճակատում, որոնք չունեցավ Կիևի ուղղությամբ, իսկ Օդեսայի ուղղությամբ ընդհանրապես խոշոր ռազմական գործողություն այդպես էլ չիրականացվեց։
- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ հետ խաղաղության պայմանագիրը պետք է կազմված լինի երկու փաստաթղթից՝ անվտանգային հարցեր և ՌԴ հետ հարաբերություններ։ Որոշ գնահատականների համաձայն՝ սա ուկրաինական կողմի դիրքորոշման կոշտացում է նշանակում։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք։
- Ուկրաինական կողմը հստակ մարտավարություն չունի։ Իմ տպավորությունն այն է, որ եթե Արևմուտքը «թույլ տար», Զելենսկին, հավանաբար, վաղուց կկնքեր հաշտության պայմանագիր, բայց երբ առաջին երկու-երեք հանդիպումները կայացան, և որոշակի առաջընթաց կար, հետո միանգամից կատարեց հաջորդ անտրամաբանական հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան ոչ մի թիզ հող չի զիջի ՌԴ-ին։ Բնականաբար, այս ամբողջ կոնֆլիկտը հենց Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի հարցով է։ Սա նշանակում էր՝ ուկրաինական կողմից բանակցությունների տապալում։
Զելենսկին ասել է, որ ռազմական գործողությունների դադարեցման պայմաններում պատրաստ են քննարկել Ղրիմի հարցը և պարտավորվում են դառնալ ապադաշինքային պետություն ու ամրագրել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։ Սա ևս, ինչ-որ տեղ, նահանջ է նախապես հայտարարած սկզբունքներից։ Կարծում եմ՝ ուկրաինական կառավարոսւթյունը հիմա ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակ չէ և չի կարող՝ ելնելով իր ռեսուրսներից, որովհետև եթե չստանա Արևմուտքի օգնությունը, նրա ծնկի գալը ժամերի հարց կլինի։ Ուկրաինայի նախագահը «երկու քարի արանքում է». մի կողմից՝ չի կարող Արևմուտքին դեմ գնալ, որովհետև ամբողջությամբ կջախջախվի, մյուս կողմից՝ Արևմուտքի թելադրանքով պատերազմը շարունակելը նորանոր զոհեր ու ավերածություններ կբերի։ Զեկենսկին բավականին ծանր կացության մեջ է, դժվարանում եմ ասել՝ ինչ ուղի կընտրի, բայց Ղրիմի կարգավիճակը քննարկելու մասին հայարարությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ ուկրաինական կողմի դիրքորոշումներում ինչպես կոշտացում կա, այնպես էլ՝ փափկեցում։ Այդ կորը բնորոշ է 50 օրից ավել ձգվող պատերազմի ողջ ընթացքին։
- Հակամարտության հանգուցալուծման ժամկետների որոշակիություն նկատելի՞ է։ Խոսվում է մի քանի ամսից առավելագույնը 1-2 տարի ձգվելու հավանականության մասին։
- Ինչքան երկար ձգվի կոնֆլիկտը, այնքան ձեռնտու է Արևմուտքին, քանի որ ՌԴ-ն հսկայական կորուստներ է կրում։ Ուկրաինան, ըստ արևմտյան ռազմագետների, պետք է լինի երկրորդ Աֆղանստանը, որը կարելի է սարքել ռուսների գլխին ու մաշել ՌԴ ուժերը։ Վերջիններս շատ լավ հասկանում են, որ Ուկրաինան կարող է լինել հերթական սև խոռոչը, և ձգտում են, որքան հնարավոր է, արագ ավարտել։ Բայց ինչքան շտապում է ՌԴ-ն, այնքան Արևմուտքը մեծացնում է Ուկրաինայի ռազմական մատակարարումները, ինչն էլ ձգձգում է պատերազմի ավարտը։ Տուժում է ուկրաինական ժողովուրդը՝ երկու հզոր աշխարհաքաղաքական բևեռների բախման արանքում։ Թե դրանից հետո ով կշահի, դժվարանում եմ ասել, բայց որ ուկրաինական ժողովուդը միակ տուժող կողմն է, սա միանշանակ պարզ է ամբողջ աշխարհին։
Մարիամ Սարգսյան