Միջազգային

Արևմուտքը արեց ցինիկ հաշվարկներ և շահեց ռուս-ուկրաինական հակամարտությունում

Արևմուտքը արեց ցինիկ հաշվարկներ և շահեց ռուս-ուկրաինական հակամարտությունում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերը սկսել են մարտը Դոնբասի համար։ Ռազմական նոր փուլի և երկու կողմի հայտարարությունների շուրջ Radar Armenia-ն զրուցել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ։

- Հնարավոր հանգուցալուծում տեսնո՞ւմ եք ռուս-ուկրաինական հակամարտությունում։

- Սկսվեց Դոնբասի ճակատամարտը, երեկ տվյալներ կային, բայց այսօր, մեծ հավանականությամբ, սկսվեց։ Առաջին ճակատամարտը Ուկրաինայի համար ռուսական կողմը պարտություն կրեց. ճիշտ է՝ տարածքներ գրավեց, Կիև մտավ, դուրս եկավ, բայց այն խնդիրները, որոնք դրված էին, կյանքի չկոչվեցին, և դա, ըստ էության, պարտություն էր։ Հիմա սկսվում է երկրորդ ճակատամարտը՝ վճռականը։ Մոտավորապես երկու շաբաթից կտեսնենք սրա արդյունքները։ Այս պահին դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի։ Հավանաբար, Ռուսաստանը կհասնի հաջողության, բայց արդեն իսկ պարզ է, որ դա այնքան հեշտ չի լինի, ինչպես թվում էր պատերազմի սկզբում։ Հասնեն հաջողության՝ նոր իրավիճակ կունենանք, չհասնեն՝ էլի նոր իրավիճակ։ Այս պահին սպասողական դրություն է։ Այս օրերին որոշվում են շատ ու շատ հարցեր։ Եթե ռուսական կողմը կարողանա իր խնդիրները լուծել ավելի քիչ կորուստներով, այս պատերազմը կավարտի իր օգտին, եթե չկարողացավ լուծել, վիճակը ավելի ծանր կլինի։ Եթե նույնիսկ հաղթեն էլ, այդ հաղթանակը ի՞նչ գնով կլինի։ 

- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է ատոմային զենք օգտագործելու հնարավորության մասին։ Կա՞ այդպիսի սպառնալիք։

- Գործնականում, ատոմային զենք օգտագործելու հավանականություն չկա, որովհետև դա կլինի անբարոյական և, ռազմական առումով, չհիմնավորված արարք, որովհետև, ի վերջո, ինքը ուզում է Ուկրաինայի տարածքները գրավել, Ուկրաինայի ժողովրդին դարձնել իր բարեկամը։ Եթե ատոմային զենք կիրառեց, այդ տարածքը կդարձնի անապատ։ Այս պահին տեսական հնարավորություն չեմ տեսնում։ Ռուսաստանը այս պատերազմում կորուստներ կրեց և, ենթադրում եմ, փորձում է ապացուցել, որ դեռ ասելիք և պոտենցիալ ունի՝ նաև տեխնիկական մակարդակում։ 

- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակցություններին՝ ասելով, որ Ռուսաստանի հետ հաջող բանակցությունների շանսերը նվազում են, և ուկրաինական հասարակությունը չի ցանկանում շարունակել երկխոսությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

- Գուցե ոմանց ականջին ոչ հաճո բան կասեմ հիմա, հատկապես՝ արևմտամետ բարեկամների համար, բայց, իմ կարծիքով, այս պահին Զելինսկին՝ որպես դրածո ֆիգուր, մեծ հաշվով չի որոշում՝ բանակցել, թե՝ ոչ։ Հաշվի առնելով, որ ռուսական հաջողության հավանականությունը ավելի քիչ էր, քան պատերազմի սկզբում, Արևմուտքը ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը, և, արդյունքում, Զելենսկին, բանակցությունների տապալման ռիսկը գցելով ռուսների վրա, ըստ էության, ինքը չի ուզում բանակցել։ Եթե դոնբասյան ճակատամարտը ռուսական կողմը հաջողությամբ ավարտեց, մեծ հաշվով, նոր իրականություն կլինի։ 

- Կրեմլի խոսնակ Պեսկովը նշել է, որ բանակցությունների ընթացքում մյուս կողմը հաճախ է փոխում դիրքորոշումը՝ արդեն իսկ համաձայնեցված հարցերի շուրջ։ Ի՞նչը կարող է խնդիր լինել։

- Ամենից առաջ՝ ռազմական ընթացքը։ Ուկրաինան և Արմուտքը ապացուցեցին, որ կարողանում են դիմադրել այս պահին, ռուսական կողմն էլ ցույց տվեց ավելի վատ արդյունք, քան սպասվում էր։ Ռուսաստանը պատերազմի սկզբում ավելի ուժեղ էր, իրեն ավելի շատ էին հարգում։ Հիմա՝ առաջին անհաջող փուլից հետո, Ռուսաստանի հեղինակությունը ընկավ, իմիջային կորուստներ կրեց, և, բնականաբար, միանգամից կոշտացավ դիրքորոշումը։ 

- Սերգեյ Լավրովը այն կարծիքին է, որ Արևմուտքը դավաճանել է Զելենսկուն ու օգտագործել սեփական նպատակների համար։ Ի՞նչ է սա նշանակում։

- Ես չէի ասի՝ դավաճանել է։ Զելենսկին դրածո ֆիգուր էր, և, եթե Արևմուտքի շահերից նայենք, Ուկրաինային բավարար չափով օգնեցին։ Եթե կարծում էին, որ որևէ մեկը իր սեփական ուժերով պետք է կռվեր Ուկրաինայի համար, միամտություն է։ Մյուս կողմից էլ՝ ՆԱՏՕ-ն բավականին լուրջ օգնեց Ուկրաինային և հիմա էլ շարունակում է օգնել, ու «ռուսների ճաշը հարամում է»։ Եթե դու ունես ինչ-որ դրածո, դավաճանել-չդավաճանելու խնդիր չունես, նա կատարում է քո կամքը։ Զելենսկին կատարում է Արևմուտքի կամքը, Արևմուտքն էլ, իր շահերի համատեքստում, բավական ակտիվ օգնում է Զելենսկուն՝ զոհ տալով Ուկրաինայի բնակչությանը, որը այս ողջ պատմության ամենամեծ զոհն է։ Շատ ցինիկ միջազգային խաղ է գնում, արդյունքում՝ Ուկրաինան հանեցին Ռուսաստանի դեմ, զոհ տվեցին։ Տարիներ հետո Ուկրաինան, չգիտես, կվերականգնվի, թե՝ ոչ։ Էլ չասած՝ մարդկային կորուստներ, տեխնիկական, ենթակառուցվածքային կորուստներ և այլն։ Կորուստներ կրեց նաև Ռուսաստանը, ընդ որում, չգիտենք այդ կորուստների իրական ծավալները՝ ո՛չ ուկրաինական մասով, ո՛չ՝ ռուսական։ Այստեղ շահեց Արևմուտքը, որը գրեթե ցանկացած ելքի դեպքում շահած է։ Կկանգնեցվի պատերազմը՝ շահել է, Ռուսաստանը Ուկրաինան ամբողջությամբ գրավի՝ էլի շահել է։ Ցինիկ հաշվարկներ, որը Արևմուտքը արեց և ռուս-ուկրաինական ժողովրդին գցեց կրակը։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական