Նոր Զելանդիան Եվրոպա կուղարկի C-130 Hercules տրանսպորտային ինքնաթիռ, ինչպես նաև՝ 50 զինվորական, որոնք կզբաղվեն Ուկրաինային ռազմական օգնության փոխադրմամբ և բաշխմամբ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է վարչապետ Ջասինդա Արդերնը՝ հավելելով, որ Նոր Զելանդիայի կառավարությունը որոշել է մոտ 8,8 մլն ԱՄՆ դոլար օգնություն հատկացնել Ուկրաինային։ Ընդ որում, այդ գումարից մոտ 5,1 մլն դոլարը կուղղվի Մեծ Բրիտանիայից զենք ու զինամթերք գնելուն։ Այս պահին Նոր Զելանդիայի կողմից Ուկրաինային հատկացվող օգնության ընդհանուր գումարը կազմում է 20,5 մլն ԱՄՆ դոլար։