Ուկրաինան Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել է Բուչայում զանգվածային սպանությունների մասին։ ՌԴ-ն հերքել է կատարվածին իր մասնակցությունը՝ նշելով, թե սա Ուկրաինայի հերթական սադրանքն է։
Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Սարո Սարոյանը կարծիք հայտնեց, որ այս ամենը օգտագործվում է որպես քաղաքական գործիք. «Բուչայում տեղի ունեցածը Ուկրաինան կարող է որպես մարդկության դեմ գործած հանցագործությունների օրինակ ներկայացնել միջազգային հանրությանը՝ հետագայում պատասխանատվության կանչելու համար»։
Սարոյանի կարծիքով՝ Ռուսաստանն իր առջև խնդիր ունի ներկայացնել իրավիճակը որպես բեմականացում և թույլ չտալ դա. «Իրականում, երկու կողմերի համար էլ քաղաքական բնական վարք է դա»։
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է պահանջել Բուչայում ուկրաինական արմատականների սադրանքի հարցով, որը ձախողվել է։ Քաղաքագետն այս քայլը համարեց տրամաբանական. «Ուկրաինան դա ներկայացնում է որպես ցեղասպան կամ ռազմական հանցագործությունների քաղաքականություն, բնականաբար, միջազգային հարթակներում դրանք պետք է ներկայացվեն»։
Ըստ Սարոյանի՝ Ռուսաստանը պետք է փորձի կանխել դրանք և թույլ չտալ այդ կարգի քննարկումներ իր վարկանիշի հետ կապված։
Անուշ Մկրտչյան