Ստամբուլում երեկ տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունները տևեցին ավելի քան երեք ժամ։ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցությունները կառուցողական է գնահատել։ Radar Armenia-ն ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ զրուցել է ռազմական հարցերով փորձագետ Մհեր Հակոբյանի հետ։
-Ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներն արդյո՞ք կարելի է գոհացուցիչ համարել։
-Երեկ ռուս-ուկրաինական բանակցությունները Ստամբուլում ընթացան, ռուսական կողմից Մեդինսկին և ՊՆ փոխնախարարը դրանից հետո բավականին շփոթված հարցազրույց տվեցին լրագրողներին, և այդ շփոթմունքը կարծես խուճապային տրամադրություններ տարածեց ռուսական սեգմենտում։ Ուկրաինական կողմն էլ փորձեց այդ ամենը զարգացնել և գործը հանգեցնել նրան, որ իբր թե ռուսական կողմը պատրաստ է արդեն հետ քաշվել, ընդունում է իր պարտությունը։ Իրականում, չկա նման հիմք, որովհետև Մեդինսկին ընդամենը ասաց, որ ուկրաինական կողմը առաջրկել է սա, սա, սա։ «Մենք դեմ չենք, որ ուկրաինական կողմը մտնի Եվրոպական միություն, մենք էլ՝ Չերնիգովի և Կիևի ուղղությամբ ռազմական գործողությունները անկումի կբերենք»։ Մանավանդ վերջին կետի հետ կապված ուկրաինական կողմը փորձեց շահարկել, որ «ռուսական կողմը նահանջում է, մենք հաղթեցինք»։ Իր հերթին, ռուսական կողմի մեկնաբանները շփոթվեցին, մինչև ուշ գիշեր էլ այդ շփոթմունքը կար, շատերը նույնիսկ ասում էին «փաստաթուղթ ենք ստորագրելու»։ Ամեն դեպքում, Մոսկվան մտածում է այդ առաջարկների շուրջ և վաղը կամ ամենաուշը մյուս օրը մենք կիմանանք պատասխանը։ Ինքս անձամբ չեմ կարծում, որ ռուսական կողմը կտրուկ նահանջ անի՝ հրաժարվելով իր դրված նպատակներից, որովհետև առանց այդ էլ հսկայական մարդկային, տեխնիկական, նյութական, բարոյական, հեղինակության կորուստ է ունեցել Ռուսաստանը, և եթե պատերազմը այսպես ավարատվի, դա կլինի անփառունակ ավարտ, և ուկրաինական կողմը բոլոր հիմքերը կունենա հայտարերել իր հաղթանակի մասին։ Իմ կարծիքով՝ գուցե մի քիչ դիվանագիտական խորամանկություն արեցին։ Մինչև երեկ ուշ գիշեր հայտնում էին Կիևի ինտենսիվ հրթիռակոծության մասին։ Ըստ Ուկրաինայի տեղեկատվական պատասխանատուի կարծիքի՝ պատերազմը կտևի մինչև մայիսի առաջին կես և չի ընդունում, որ ապրիլին դա կվերջանա։
-Ուկրաինական կողմը հայտնեց, որ ՌԴ-ն շարունակում է Կիևի և Չեռնիգովի շրջաններից իր զորքերի դուրսբերումը, հնարավո՞ր է հրադադար լինի։
-Չեմ կարծում։ Ռուսներն ի սկզբանե ուզում էին ողջ ուկրաինական տարածքը մեկ հարվածով գրավել, բայց չստացվեց։ Այդ սկզբնական պլանը չստացվեց և դա կարող է ընկալվել ռուսների անհաջողություն, բայց Ուկրաինայի վիճակն էլ հեշտ չէ, դոնբասյան ճակատից դուրս տարածքներ են կորցնում և հսակայական կորուստներ են կրել, հարավում խնդիրներ ունեն և արդեն Օդեսայի վրա է կախված սպառնալիքը, բայց իմ կարծիքով՝ ռուսները ուղղակի առաջնահերթ նպատակների վերաբաշխում արեցին։ Գլոբալ առումով, եթե Ռուսաստանը չկոտրվի և չքանդվի, երևի թե այս պատերազմը կավարտվի նրանով, որ Ուկրաինայի համար աղետալի հետևանքներ կլինի։
-Իսկ ի՞նչ շահեց Թուրքիան այդ բանակցություններում միջնորդ լինելով։
-Թուրքիան կամուրջի դեր է կատարում Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ փորձում է իր միջազգային կշիռն ընդգծել, հեղինակությունը բարձրացնել, բնականաբար, նաև իր օգուտը քաղել։ Բայց առաջին ռաունդն անցավ Բելառուսում, հիմա այն մյուս կողմից եթե նայեք, կարող են ասել՝ առաջին բանակցությունը անցավ Ռուսաստանի դաշնակցի երկրում, թող երկրորդն էլ անցնի Արևմուտքի դաշնակցի երեկրում։ Մենք շեշտադրում ենք Թուրքիան և մոռանում ենք, որ առաջինը Բելառուսում անցան։
Անուշ Մկրտչյան