Չինաստանի իշխանությունները որոշել են Ուկրաինային տրամադրել 10 մլն յուան ի(մոտ 1,57 մլն դոլար) մարդասիրական օգնության լրացուցիչ խմբաքանակ։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Չինաստանի կառավարությունը որոշել է Ուկրաինային տրամադրել 10 միլիոն յուանի չափով մարդասիրական օգնության հավելյալ խմբաքանակ՝ ըստ իրավիճակի զարգացման և կարիքների։ Չինական կողմը կշարունակի կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում հումանիտար իրավիճակը հարթելու գործում և մտադիր է նպաստել այդ ճգնաժամի հաղթահարմանը»,- եզրափակել է դիվանագետը։
Մարտի 9-ին Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ չինական Կարմիր խաչի ընկերությունը Ուկրաինային տրամադրել է 5 միլիոն յուանի (մոտ 787 հազար դոլար) մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը։ Այն ներառում էր սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր և այլն։ Բեռների առաջին խմբաքանակը առաքվել է մարտի 12-ին։