Միջազգային

Կրեմլը Ուկրաինայի՝ «շվեդական» օրինակով ապառազմականացումը փոխզիջում է անվանել

Կրեմլը Ուկրաինայի՝ «շվեդական» օրինակով ապառազմականացումը փոխզիջում է անվանել

Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցություններում քննարկվում է Ուկրաինայի ապառազմականացումն՝ ավստրիական կամ շվեդական տարբերակով, ինչը ենթադրում է սեփական բանակի պահպանում՝ առանց օտարերկրյա ռազմակայանների առկայության։ 

«Դա կարող է դիտարկվել որպես փոխզիջումային տարբերակ», - այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Չորեքշաբթի օրը՝ լրագրողների հետ զրույցում, նրան խնդրել են մեկնաբանել ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունը և պատասխանել՝ արդյո՞ք Կրեմլը բավարարված է Ուկրաինայի ապառազմականացման՝ այս տարբերակով։ «Սա տարբերակ է, որն այժմ քննարկվում է և կարող է դիտվել որպես որոշակի փոխզիջում», - նշել է Պեսկովը։

Կրեմլը նաև անհնար է համարել մեկնաբանել հարցը, թե արդյո՞ք Ուկրաինայի հետ ընթացող բանակցությունների համատեքստում Ռուսաստանը կկապի արևմտյան պատժամիջոցների վերացման հարցը Կիևի և Մոսկվայի միջև փաստաթղթի ստորագրման հետ. «Ես դա կթողնեմ առանց մեկնաբանության։ Իսկապես, պատժամիջոցների թեման ի հայտ է գալիս բանակցություններում, բայց ես հիմա չէի ցանկանա մանրամասներ հայտնել։ Դա անհնար եմ համարում՝ ընթացող բանակցությունների համատեքստում», - ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով Ռուսաստանի հետ ուղիղ շփումների՝ ԱՄՆ-ի պատրաստակամությունը։ Նա ասել է, որ Կրեմլը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հեռանկարը կապում է ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքի, ոչ թե՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև շփումների հետ։ «Ուկրաինայի շուրջ իրավիճակը կարող է բարելավվել, երբ պայմանավորվածություններ ձեռք բերվեն ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև», - ընդգծել է խոսնակը՝ ի պատասխան ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության, որում Վաշինգտոնը պատրաստակամություն էր հայտնել՝ ուղիղ կապ հաստատել Մոսկվայի հետ, եթե դա կփոխի իրավիճակը Ուկրաինայում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական