«Մեծ յոթնյակի» երկրները պատրաստվում են պատժամիջոցների նոր փաթեթ մտցնել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում։
«Մենք արդեն G7-ի հետ աշխատում ենք պատժամիջոցների նոր փաթեթ մտցնելու ուղղությամբ»,- նշել է Թրասը։ Նա, սակայն, չի ճշտել, թե ինչ միջոցների մասին է խոսքը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ուղղված են «Ռուսաստանի տնտեսության թուլացմանը»։ Թրասն հավելել է, որ արևմտյան երկրներն իրենց գործողություններով մտադիր են զրկել Ռուսաստանի ղեկավարությանը «իրենց ռազմական մեքենան ֆինանսավորելու» հնարավորությունից։
Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ ՌԴ տնտեսությունն արդեն «լրջորեն տուժել է» G7-ի պատժիչ ճնշման տակ։ Նա մյուս երկրներին կոչ է արել միանալ Ռուսաստանի դեմ կիրառվող միջոցներին։