Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատի անդամները հոտնկայս և բուռն ծափերով են դիմավորել Ուկրաինայի նախագահի տեսաուղերձը։ Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ մարտի 8-ի նրա ելույթը օտարերկրյա պետության ղեկավարի առաջին ելույթն էր Համայնքների պալատում։ Իր խոսքում Զելենսկին ռուսական բանակի դեմ Ուկրաինայի պայքարը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Մեծ Բրիտանիայի պայքարի հետ։
Նա խորհրդարանականներին հիշեցրել է Ուինսթոն Չերչիլի հայտնի ելույթի խոսքերը, որը խոստանում էր կռվել «լողափերում, դաշտերում, փողոցներում և բլուրներում»՝ վերափոխելով այն այսպես․ «Մենք կկռվենք անտառներում, դաշտերում, ափերին, քաղաքներում և գյուղերում, փողոցներում, մենք պայքարելու ենք բլուրների վրա։ Ցանկանում եմ իմ կողմից ավելացնել՝ մենք կկռվենք Կալմիուսի ու Դնեպրի ափերին։ Եվ մենք չենք հանձնվի»։
Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին աջակցության համար, միաժամանակ, կոչ է արել խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ, Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչական պետություն և փակել Ուկրաինայի երկինքը ռազմական հարձակումների համար։