«Գումարը նախատեսված է Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետևանքով առաջացած բյուջետային կորուստները փոխհատուցելու համար», - ասվում է վարչապետ Ջոնսոնի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 100 մլն դոլար օգնություն կուղարկի Ուկրաինայի կառավարությանը, որը նախատեսված է՝ փոխհատուցելու Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության պատճառով բյուջեի կրած կորուստները և ապահովելու պետական կարևոր գործառույթների իրականացումը։ Այս մասին ասված է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի՝ կիրակի տարածած հայտարարության մեջ։
«Մեծ Բրիտանիայի օգնությունը՝ կենսական պարագաներով և բժշկական աջակցությամբ, արդեն հասնում է նրանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն», - ասել է Ջոնսոնը: Նա հավելել է, որ նոր ֆինանսավորման շնորհիվ Լոնդոնը կշարունակի օգնել Ուկրաինայում «նրանց, ովքեր բախվում են հումանիտար իրավիճակի վատթարացմանը»։
Նշվում է, որ նոր օգնությունը կտրամադրվի՝ ի հավելումն նախկին 100 միլիոն ֆունտի (132 միլիոն դոլար), որը Մեծ Բրիտանիան հատկացրել էր Ուկրաինային՝ տնտեսական բարեփոխումների և էներգետիկ անկախության համար, և 120 միլիոն ֆունտ (159 միլիոն դոլար) մարդասիրական օգնության: Նաև՝ բրիտանացի հրահանգիչները ուսուցանել են 22000 ուկրաինացի զինվորականի, իսկ Կիևին է փոխանցվել 2000 հակատանկային կառավարվող հրթիռ: