Ռուսաստանի երկրորդ նավթային ընկերության և նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները կարող են վատթարանալ՝ կապված ընկերության տնօրնների խորհրդի հայտարարության հետ։ Այն վերաբերում է Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմին։
«Lukoil» ընկերությունը, որն արդյունահանում է աշխարհի հում նավթի ավելի քան 2%-ը և ունի ավելի քան 100,000 աշխատակից, կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում:
Ընկերության տնօրենների խորհուրդը բաժնետերերին, անձնակազմին և հաճախորդներին ուղղված հայտարարությունում նշել է, որ «կոչ է անում շուտափույթ դադարեցնել զինված հակամարտությունը». «Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում այս ողբերգությունից տուժած բոլոր զոհերին։ Մենք վճռականորեն կողմնակից ենք տևական հրադադարի և սկզբունքային բանակցությունների՝ դիվանագիտական ճանապարհով խնդիրների լուծմանը հասնելու համար»։
«Lukoil»-ի նախագահ և գործադիր տնօրեն Վագիտ Ալեքպերովը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Reuters-ի փոխանցմամբ՝ «Lukoil»-ի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է նրա տեղակալ Լեոնիդ Ֆեդունին։
Ընկերությունը գործում է աշխարհի մի քանի տասնյակ երկրներում։ Այն Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունն է՝ Ռուսաստանի պետական հսկա՝ «Ռոսնեֆտ»-ից հետո: Այժմ ընկերությունը բախվում է հսկայական մարտահրավերների, քանի որ շատերը խուսափում են ռուսական նավթից՝ վախենալով բախվել Արևմուտքի պատժամիջոցներին, նույնիսկ եթե դրանք ուղղակիորեն չեն ուղղված հումքային վառելիքի արտահանմանը:
Լոնդոնում գրանցված «Lukoil»-ի բաժնետոմսերը, ներխուժումից հետո կորցրել են իրենց արտարժույթի մոտավորապես 99%-ը: Ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքը դադարեցվել է հինգշաբթի օրը։
Նավթային հսկան արդեն բոյկոտի կոչերի է բախվում ԱՄՆ-ում, որտեղ ունի 230 լցակայան, որոնք պատկանում են ամերիկյան ֆրենչայզերներին։ «Lukoil» ապրանքանիշով սպասարկման կայանների մեծ մասը գտնվում է Նյու Յորքում, Նյու Ջերսիում և Փենսիլվանիայում: