Մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն Ուկրաինայից դեռևս տեղեկություններ չի ստացել բանակցությունների երրորդ փուլի անցկացման ժամկետների վերաբերյալ:
«Դեռևս նոր ժամկետներ չենք ստացել: Ինչպես հայտնի էր մեր ուկրաինացի գործընկերներին, մենք պատրաստ էինք դեռ երեկ երեկոյան անցկացնելու երրորդ փուլը»,- ասել է Լավրովը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարի հետ կապված իրադրությունը տարօրինակ է թվում, քանի որ ուկրաինական կողմն անընդհատ պատճառներ է փնտրում հետաձգելու հերթական հանդիպումը:
«Թվում է՝ բոլորը հետաքրքրված են հնարավորինս արագ հասնելու համաձայնության իրադրության կարգավորման շուրջ: Սակայն մյուս կողմից, թվում է՝ ամենաշահագրգիռ կողմը՝ ուկրաինականը, մշտապես ինչ-որ պատրվակներ է հորինում՝ հետաձգելու հերթական հանդիպումը»,- ասել է ԱԳ նախարարը։
Սերգեյ Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցնում բացառապես Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, որոնք կարող են սպառնալիք լինել ՌԴ անվտանգությանը:
«Մենք հատուկ ռազմական գործողության առաջին օրերից ընդգծում էինք, որ մեր զինված ուժերը կետային հարվածներ են հասցնում բացառապես Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնությանը՝ կապված այն հակառուսական, ագրեսիվ ու ռազմատենչ կուրսի հետ, որը նախորդող ժամանակահատվածում վարում էր Կիևի իշխանությունը»,- հայտարարել է Լավրովը: