Միջազգային

Լեգենդի «մահը». ոչնչացվել է աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ «Մռիան»

Լեգենդի «մահը». ոչնչացվել է աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ «Մռիան»

Օրերս Կիևից ոչ հեռու գտնվող Գոստոմել օդանավակայանի համար մղվող մարտերի ընթացքում ոչնչացվել է Ան-225 «Մռիյա» ինքնաթիռը։ Այս մասին հաղորդել են Ուկրաինայի ՊՆ-ից։ Ան-225 «Մռիյա» (ինքնաթիռի անունը ուկրաիներենից թարգմանաբար նշանակում է «երազ») աշխարհի ամենամեծ տուրբոռեակտիվային ինքնաթիռն էր։ Ինքնաթիռը աշխարհում եզակի օրինակ էր և հավաքվել էր 1988թ.-ին՝ բազմակի օգտագործման «Բուրան» տիեզերանավի նախագծի ավիատրանսպորտային սիստեմի աշխատանքների ընթացքում։

Ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել է նույն 1988թ․-ին, իսկ ՍՍՀՄ փլուզումից հետո դարձել էր Ուկրաինայի սեփականությունը։ Հաղորդվում է, որ այս տարիների ընթացքում այն ​​կանոնավոր կերպով շահագործվել է և հասցրել է իրականացնել ավելի քան 200 բեռնափոխադրումներ։ Վերջին շրջանում Ան-225-ը պատկանել է ուկրաինական «Antonov Airlines» ընկերությանը։ Ինքնաթիռն իր վերջին թռիչքներից մեկն իրականցրել է ապրիլի 20-ին՝ կորոնավիրուսի ամենաթեժ շրջանում, երբ Չինաստանից 8 միլիոն բժշկական դիմակ է տեղափոխել գերմանական Լայպցիգ քաղաք, այնուհետ՝ մոտ 103 տոննա տարբեր բժշկական պարագաներ՝ Ուկրաինա, համաճարակի դեմ պայքարելու համար:

Ընդգծենք, որ Ան-225 «Մռիան» նախատեսված էր մինչև 250 տոննա քաշով մեծածավալ և երկար բեռներ տեղափոխելու համար։ Նրա բեռնախցիկի երկարությունը 43 մետր էր, լայնությունը՝ 6,4, բարձրությունը՝ 4,4 մետր։ Հետաքրքիր է, որ նման ինքնաթիռով ապրանքների տեղափոխումը հնարավոր էր ոչ միայն փակ բեռնախցիկի ներսի, այլև՝ արտաքին մասով, ֆյուզելաժի վրա արված հատուկ ամրացումներով, որոնք նախատեսված էին մինչև 200 տոննա քաշով մեծ չափերի մոնոբեռների համար։ Իր հերթին, օդանավի ուղևորախցիկը նախատեսված էր 94 մարդու համար, որոնցից 6-ը՝ հերթափոխի անձնակազմի անդամներ, և 88-ը՝ ուղեկցորդներ։ Զարմանալի չէ, որ այս օդանավը միանգամից մի քանի համաշխարհային ռեկորդներ ունի՝ գերծանր և չափազանց մեծ բեռների փոխադրման համար։

Այժմ իր տեսակի մեջ եզակի ինքնաթիռը  ոչնչացված է։ Ըստ փորձագետների՝ այն վերստեղծելու համար կպահանջվի մոտ հինգ տարի և 3 միլիարդ դոլար: Հետաքրքիր է, որ ուկրաինական «Անտոնով» ընկերությունը դեռևս 2016թ.-ին պայմանագիր էր կնքել չինական «China Airspace» ընկերության հետ՝ ևս մեկ «Ան-225»-ի կառուցման մասին, սակայն՝ արդիականացված տարբերակով։ Այս համաձայնագրի համաձայն՝ ինքնաթիռների լիցենզավորված հավաքումը կարող էր տեղի ունենալ հենց Չինաստանում: Ցավոք, այդ շրջանից սկսած՝ այս նախագծի մասին ոչ մի տեղեկություն չկա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական