Թուրքիան ստորագրել է «Բայրաքթար Աքինջի» մարտական անօդաչու թռչող սարքերի արտահանման առաջին պայմանագիրը, որոնց շարժիչները մատակարարելու է Ուկրաինան։ Այդ մասին հայտարարել է արտադրող Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը։ 2021թ. նոյեմբերի 12-ին Ուկրաինայի արտգործնախարար Դիմիտրո Կուլեբան հայտարարեց, որ երկրի երկու ընկերություններ՝ «Իվչենկո-Պրոգրես»-ը և «Մոտոր Սիչ»-ը պայմանագրեր են ստորագրել թուրքական անօդաչու թռչող սարքերի շարժիչների մատակարարման վերաբերյալ։ Ուկրաինական «Իվչենկո-Պրոգրես» ձեռնարկության մշակած տուրբոպտուտակային շարժիչներով «Բայրաքթար Ակինջին» առաջին անգամ փորձարկվել է 2020 թվականի ամռանը։