ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելազյոռովի Հայաստան այցին։
Փաշինյանը նշեց. «Ըստ էության, մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, որովհետև երեկվա այցն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երաստ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին։ ՄԵնք այդ թեմայով պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, և դրանց անբաժանելի մաս է, որ մենք այդ երկաթուղին պետք է կառուցենք, և երկաթուղին ՀՀ տարածքում պետք է գործի Հայաստանի օրենսդրության, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում։ Եվ երեկվա այցն, ըստ էության, գործնականացմանն էր նվիրված»։
Ըստ Փաշինյանի՝ իրադարձություններից պետք չէ առաջ ընկնել, բայց նման դինամիկայով շարունակվելու պարագայում կարող են վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է առարկայական։