Սոչիի քաղաքապետարանի կայքում հրապարակված որոշումը՝ Ադրբեջանի «2020թ.-ի հայրենական պատերազմում հաղթանակի օրը» տոնելու մասին, կեղծ է և արդեն հեռացվել է: Այդ մասին հայտնում է հանգստավայր-քաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ մի շարք Telegram-ալիքներ տեղեկություններ էին տարածել, որ Սոչիի 2022թ․-ի տոնական միջոցառումների ծրագրում ներառվել է Ադրբեջանի հաղթանակի օրը «2020թ․-ի հայրենական պատերազմում»։ Խոսքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին է, որի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ են անցել մի շարք տարածքներ, տարածաշրջան են մտել ՌԴ խաղաղապահ ուժերը:
«2022թ․-ի փետրվարի 1-ին ինֆորմատիզացիայի և կապի վարչության մասնագետների կողմից ստացվել է եզրակացություն, որ հաքերային հարձակման արդյունքում չարագործները մուտք են գործել նորմատիվ իրավական ակտերի բաժին: «2022 թվականի տոնական օրերի, հիշատակի և հոբելյանական օրերի, նշանակալից իրադարձությունների և միջոցառումների օրացուցային պլանը հաստատելու մասին» որոշման մեջ չարագործները կատարել են ոչ հավաստի գրառումներ, որոնք դիտավորյալ ուղղված են ազգամիջյան թշնամանքի բորբոքմանը: Արձանագրվել են նաև պաշտոնական ձևակերպումների փոփոխության մի շարք այլ փաստեր»,-հայտնել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։