ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Ուկրաինայի հարցում ջանքերի համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել «քաղաքական լուծման որոնմանը ակտիվ աջակցության և անձնական մասնակցության համար»։ «Ես խոսել եմ Թուրքիայի նախագահի հետ Ուկրաինայի շուրջ և Ռուսաստանի կողմից ուժեր կուտակելու մասին: Ես շնորհակալություն եմ հայտնել նրան ակտիվ աջակցության և քաղաքական լուծման որոնման մեջ անձնական ներգրավվածության համար, ինչպես նաև ողջունել եմ Թուրքիայի վճռական գործնական աջակցությունը Ուկրաինային»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ում։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության»։