Հասարակություն

Ինչու՞ է կարևոր ամռանը շատ ջուր խմելը

Ինչու՞ է կարևոր ամռանը շատ ջուր խմելը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Ջուրն անհրաժեշտ է ոչ միայն ծարավը հագեցնելու, այլև օրգանիզմի կենսական գործընթացների ապահովման համար։

Ինչու՞ է կարևոր ամռանը շատ ջուր խմելը.
-Կանխում է ջրազրկումը, որը կարող է դրսևորվել բազմաթիվ առողջական խնդիրներով։
-Օգնում է կարգավորել մարմնի ջերմաստիճանը։
-Նպաստում է սրտի, երիկամների և մարսողական համակարգի առողջությանը։
-Բարելավում է մաշկի վիճակը՝ կանխելով չորությունն ու ծերացման նշանները։

Ջրազրկման վտանգները՝ ինչու է այն լուրջ խնդիր

Ջրազրկումը պարզապես «ջուր քիչ խմելը» չէ։ Դա օրգանիզմի կենսաբանական հավասարակշռության խախտում է, որն ազդում է գրեթե բոլոր օրգան-համակարգերի վրա։

Ահա, թե ինչ կարող է տեղի ունենալ ջրազրկման ժամանակ․

Նյարդային համակարգ
-Գլխացավ, գլխապտույտ
-Դանդաղ ռեակցիա, ուշադրության և հիշողության թուլացում
-Ծայրահեղ դեպքերում՝ գիտակցության կորուստ:

Սրտանոթային համակարգ
-Սրտխփոց
-Արյան խտացում, թրոմբների առաջացման բարձր ռիսկ
-Արյան ճնշման անկում՝ շոկի վտանգով:

Երիկամներ և միզատար համակարգ
-Մեզի նվազում կամ բացակայություն
-Միզուղիների վարակների և երիկամաքարերի առաջացման ռիսկ
-Երիկամային անբավարարություն՝ հատկապես տարեցների կամ քրոնիկ հիվանդների մոտ:

Մարսողական համակարգ
-Փորկապություն
-Սրտխառնոց, ախորժակի անկում
-Էլեկտրոլիտային խանգարումներ՝ նատրիումի, կալիումի կորուստ:

Մաշկ և մկանային համակարգ
-Մաշկի չորություն, ճաքեր
-Մկանային թուլություն, քրոնիկական ջղակծկումներ
-Ցածր էներգետիկ մակարդակ, ֆիզիկական թուլություն:

Մանկահասակներն ու տարեցներն առավել խոցելի են։ Նրանց մոտ ջրազրկումը կարող է շատ արագ զարգանալ և բերել բարդությունների՝ կոլապս, ցնցումներ, նույնիսկ մահ՝ անհապաղ բուժօգնության բացակայության դեպքում։

Ինչ անել՝
• Հետևել մեզի գույնին՝ եթե շատ մուգ է, հնարավոր է՝ ջրազրկման նշան է։
• Անընդհատ խմել մաքուր ջուր, անգամ եթե ծարավ չեք։
• Զերծ մնալ ալկոհոլից և քաղցր, գազավորված ըմպելիքներից։
• Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես՝ ժամը 11:00–17:00-ին։

Ինչքան ջուր խմել
Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում խմել միջինում 30 մլ ջուր 1 կգ քաշի հաշվարկով։ Ամռանը կամ ակտիվ շարժման դեպքում՝ ավելի շատ։ Չսպասեք ծարավին՝ ջուր խմեք պարբերաբար։

Օգտակար հուշում
Ջուրը կարելի է փոխարինել նաև առանց շաքարի տնային կոմպոտներով, կանաչ թեյով, թարմ միրգ ու բանջարեղենով։
Ամռան տապին ջուրն է ամենահուսալի ընկերն ու պաշտպանիչ միջոցը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական