Հասարակություն

Ուժեղ շոգից կարող է անգամ թունավորում լինել. մասնագետ

Ուժեղ շոգից կարող է անգամ թունավորում լինել. մասնագետ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ը սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ +38․․․+40 աստիճան տաքություն։

Radar Armenia-ի հետ զրույցում ԱՆ ՀՎԿԱԿ շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ բարձր ջերմաստիճանի ժամանակ մարդու մոտ կարող են առաջանալ մի շարք նախանշաններ. «Առաջնային ազդեցություններից կարող են լինել մաշկային հարվածներ, օրգանիզմի ընդհանուր թուլություն, հոգնածության զգացում, տրամադրության անկում»։

Նա հավելեց, որ կախված ճառագայթների ազդեցության ժամանակահատվածից և ուժգնությունից՝ կարող են առաջանալ նաև թունավորման երևույթներ։

Իսկ թե ինչ անել բարձր ջերմաստիճանի ժամանակ, մասնագետը խորհուրդ տվեց. «Օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ՝ առանց շաքարի, որոնք պետք է լինեն մարմնի ջերմաստիճանին համապատասխան, որպեսզի հավելյալ ծանրաբեռնվածություն չառաջացնենք օրգանիզմի համար։ Օգտագործել հեշտ մարսվող սննդատեսակներ՝ բացառելով կծու, թթու, յուղոտ սննդամթերք։ Հագուստը կրել սպիտակ, որպեսզի հնարավորություն ընձեռենք ուլտրամանուշակագույն ճառագայթների անդրադարձման։ Կրել գլխարկներ, ակնոցներ, օգտագործել պաշտպանիչ քսուքներ»։

Ռուբեն Գրիգորյանը հավելեց, որ բարձր ռիսկի խմբում գտնվող մարդկանց՝ հղիներին, մեծահասակներին, տարեցներին և երեխաներին, խորհուրդ է տրվում նման ժամանակահատվածում լինել հորիզոնական դիրքում, որպեսզի օրգանիզմը հեշտությամբ կարողանա ապահովել նյութափոխանակությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական