Հուլիսի 19-ին՝ ժամը 16։38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի Սևանա լճում՝ Արտանիշ բնակավայրին հարակից հատվածում նավարկել են ռետինե նավակով և չեն վերադարձել։
Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ջրային պարեկային ծառայության մեծաթիվ ուժեր։
Ժամեր տևած որոնողական աշխատանքի ընթացքում պարզվել է, որ քաղաքացիներն իրենց ռետինե նավակով անվնաս վերադարձել և գտնվում են Ջիլ բնակավայրի ափամերձ հատվածում:
Քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճամբարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, ժամը 15։40-ի սահմաններում Ծափաթաղ գյուղին հարակից Սևանի լճի ափից ռետինե փչովի նավակով նավարկել են դեպի լճի խորքը ու մի քանի ժամ է չեն վերադարձել։