Հասարակություն

Ներկայացել են մսի մատակարարներ՝ հափշտակելով մորթված անասունները

Ներկայացել են մսի մատակարարներ՝ հափշտակելով մորթված անասունները

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է բազմադրվագ, մեծածավալ, նախապես ծրագրված և համատեղ մշակված հանցավոր մեխանիզմներով իրականացված խարդախությունների և կեղծ փողերի իրացման հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավոր փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Պ.-ն, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի մայիսից մինչև 2025 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ինչպես միայնակ, այնպես էլ խմբի կազմում ընդգրկված Վ.Ղ.-ի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ համատեղ մշակել է խարդախություններ կատարելու հանցավոր մեխանիզմներ:

Մասնավորապես՝ հանցավոր խմբի անդամները տաքսի ծառայություն մատուցող և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին գրավիչ գներով պատվերներ են կատարել, նրանց խնդրել են որոշ ապրանքներ գնել և իրենց հետ փոխադրել պատվիրված վայր, սակայն գումարը չեն փոխանցել: Այնուհետև, խնդրել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իբր իրենց պատկանող, սակայն իրականում տաքսի ծառայություն մատուցող այլ վարորդների բանկային հաշիվներին՝ այդպիսով հափշտակելով քաղաքացիների կողմից փոխանցված գումարները:

Բացի այդ, հանցավոր խմբի անդամները զանգահարել են տարբեր քաղաքացիների և ներկայացել իբր մսի մատակարարներ, այնուհետև կեղծ տեղեկություններ հայտնելով հափշտակել են վերջիններիս պատկանող մորթված անասունները:

Մեկ այլ դեպքում, հանցավոր խմբի անդամները ծանոթանալով քաղաքացիների կողմից «List.am» կայքում բջջային հեռախոսների վաճառքի վերաբերյալ հայտարարություններին, զանգահարել են նրանց, պայմանավորվել և գումարի փոխարեն վերջիններիս տրամադրել հուշանվեր թղթադրամներ համարվող և վճարային միջոց չհանդիսացող թղթադրամներ՝ արդյունքում խաբեությամբ հափշտակելով բջջային հեռախոսները:

Հանցավոր խմբի անդամների կողմից տուժողներից հափշտակված գումարների չափը կազմել է 20.000-ից մինչև 1 մլն 200 հզր ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (խարդախությունը) (5 դրվագ), իսկ Ն.Պ.-ի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (խարդախությունը) (100 դրվագ), 457-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) (1 դրվագ) և 267-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը) (1 դրվագ):

Վ.Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, իսկ Ն.Պ.-ի նկատմամբ՝ կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական