Հասարակություն

Ոստիկանությունը զենքի հաշվառման մասին հայտարարություն է տարածել

Ոստիկանությունը զենքի հաշվառման մասին հայտարարություն է տարածել

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման ՀՀ ոստիկանությունում՝ քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից իրավապահ մարմիններին կամովին ներկայացվելու դեպքում, համապատասխան քրեադատավարական ընթացակարգով անցնելուց և վարույթ իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթը կարճելու վերաբերյալ որոշումից և օրենքով սահմանված կարգով զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո, ոստիկանությունը զենքը հաշվառում և տրամադրում է քաղաքացուն՝ համապատասխան թույլտվությամբ:

Ելնելով վերոհիշյալ իրավակարգավորումներից՝ բոլոր անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում վերաբնակեցված մեր հայրենակիցներին, ովքեր իրենց մոտ ունեն (իրենց հետ բերել են Հայաստանի Հանրապետություն) ՀՀ-ում չհաշվառված որսորդական ողորկափող կամ ակոսափող հրազեն, գազային ատրճանակ, ինչպես նաև պարգևատրական զենք, հորդորվում է ի պահ հանձնել ՆԳՆ ոստիկանությանը՝ վերը նշված ընթացակարգերով անցնելուց հետո զենքի հետագա հաշվառման և տնօրինման հարցը որոշելու համար:

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Զենքի մասին» 1998 թ. հուլիսի 3-ի օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք, օրենքն ուժի մեջ մտնելուց (2023 թ. հունիսի 1) երկու տարվա ընթացքում, պարտավոր են ՀՀ ոստիկանություն ներկայացնել նույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական եզրակացություն և 7-րդ կետով նախատեսված՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բժշկական ձև 2 եզրակացությանը և զենքի հետ կապված անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու հավաստագրին:

Նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում ՀՀ ոստիկանությունը զենքը մալում և վերադարձնում է տիրոջը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական