ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով գյուղատնտեսական կրթությունը Ակադեմիական քաղաքում։
«Ուզում եմ խոսել ագրարային կամ գյուղատնտեսական կրթության մասին, որը, մեր մտահղացմամբ, պետք է տեղավորվի տեխնոլոգիական կլաստերում: Ինչո՞ւ տեխնոլոգիական. որովհետև գյուղատնտեսությունն ինքը տեխնոլոգիա է, և մարդկության կողմից որդեգրված կամ հայտնաբերված ամենահին տեխնոլոգիաներից մեկը: Ո՞րն է առանձնահատկությունը, որ ագրարային կամ գյուղատնտեսական կրթության բուհին կից մենք կունենանք գյուղատնտեսական գործունեության տարածքներ: Հետագա հաշվարկները ցույց կտան կոնկրետ չափերը և անհրաժեշտությունը: Առանձնահատկությունն այն է, որ այս տարածքում մենք կունենանք ֆերմաներ՝ անասնաբուծական և անասնաբուժական կրթության համար, կունենանք այգիներ և վարելահողեր՝ բուսաբուծության համար: Այստեղ սովորող ուսանողները հենց հարևանությամբ իրենց գիտելիքները գործնականում կիրառելու, և նաև դասախոսները, գիտնականները՝ իրենց հետազոտությունների արդյունքները գործնականում փորձարկելու հնարավորություն կունենան»,- ասել է Փաշինյանը: