Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ՆԳՆ Կենտրոնական բաժին են զանգահարել Հերացու անվան թիվ 1-ին համալսարանական հիվանդանոցից և հայտնել, որ Ձորափի փողոցում գտնվող «Պրեզիդենտ» հյուրանոցում ծեծի ենթարկվելու հետևանքով «դիմային գանգի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը նույն հյուրանոցի ժամանակավոր բնակիչ ՌԴ քաղաքացի 37-ամյա Ֆաինա Դոմաշնիխն է։ Վերջինս հայտնել է, որ նշված հյուրանոցի լողավազանում անհայտ անձը, առանց պատճառաբանության, հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեին։