Հունվարի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և հայտնվել դաշտում։ Opel-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 8 հոգի, որոնց մեջ կան երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասն Արտաշատի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի գազի վթարավերականգնողականի ծառայողները։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։