Հունվարի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում ավտոբուսի վարորդն այն վարելիս հանկարծամահ է եղել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի գյուղերից մեկի բնակիչ, 67-ամյա Վարուժան Ա.-ն է, ով աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում որպես վարորդ և նշված ՍՊԸ-ին պատկանող ծառայողական ավտոբուսով Կոմիտաս 22 հասցեում կանգառ է արել, որպեսզի ուղևոր վերցնի, ու այդ ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է։
Քաղաքացիներն ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների խումբն արձանագրել է վարորդի մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։