Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ առաջիկայում անցում կկատարվի էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի․
«Այստեղ քաղաքացու՝ էլեկտրոնային գործիքներին հասանելիության խնդիր չկա. բժիշկը էլեկտրոնային ձևաչափով դուրս է գրում դեղատոմս, դեղատները միացած են համակարգին: Քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով մոտենում է դեղատանը, դեղատունը հասանելիություն է ստանում էլեկտրոնային դեղատոմսին և բաց թողնում դեղը: Այստեղ քաղաքացու հավելյալ գործողությունների կարիքը չկա:
Բոլոր դեղատները միացել են համակարգին, գործարկված են բոլոր մեխանիզմները: Հիմա ևս փորձարարական ձևով դուրս են գրվում դեղատոմսեր: Մենք տարվա կեսից կանցնենք լրիվ էլեկտրոնային դեղատոմսերի»,-ասել է նա։
Ըստ նրա՝ դեռ 2023-ից միայն պետական կենտրոնացված գնումներով դեղերն ամբողջությամբ անցել են էլեկտրոնային դեղատոմսերի, այս տարի գործընթացը կշարունակվի, և տարվա ընթացքում ընդհանրապես թղթային դեղատոմսերի շրջանակից դուրս կգանք: