Հասարակություն

Նախատեսվում է ՊԵԿ-ում վարձատրության նոր համակարգ ներդնել

Նախատեսվում է ՊԵԿ-ում վարձատրության նոր համակարգ ներդնել

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ-ում ներկայացրել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ 

Ըստ նրա, Հայաստանում երկար ժամանակ քննարկվում է արդար աշխատավարձի բաշխման սկզբունքը, մենք  փորձ  ենք անում ներդնել նոր համակարգ, որտեղ  վարձատրությունը հիմնված է լինելու  կատարողականի գնահատականի  վրա:

«Ցանկանում ենք, որ հարկային և մաքսային ծառայողները լինեն մասնագիտական հմտություններ ունեցող: Դրա համար կարևոր է, թե նրանք ինչ վերապատրաստումներ են անցել և դրանց արդյունքում ինչ  որակավորումներ ունեն: Հարկային և մաքսային ծառայությունների դեպքում գիտեք, որ հարկային և մաքսային մարմինները մասնակցում են մի շարք միջազգային կառույցների իրականացրած դասընթացներին: Ակնկալում ենք, որ այդ դասընթացներից առավել կարևորները կսահմանվեն Կառավարության ցանկով, և այդ ծրագրերին հաջողությամբ մասնակցելը և հավաստագիր ունենալը կազդի հարկային և մաքսային ծառայողների վարձատրության վրա»,- ասել է նա։ 

Բադասյանի խոսքով, կատարողականի գնահատման երկրորդ բաղադրիչը լինելու է աշխատողի աշխատանքի արդյունավետությունը:

Նախագծի նպատակը ՀՀ ՊԵԿ-ում կատարողականի գնահատման հիման վրա Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու գործիքակազմ ներդնելն է` հաշվի առնելով ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական