ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հանրակրթության պետական չափորոշչի փորձարկմանը։ Նրա խոսքով՝ Տավուշում չափորոշիչները փորձարկել են, և որակական արդյունքը նկատելի է.
«Կոնկրետ ցուցանիշով ասեմ՝ կրթության որակի կարևոր ցուցանիշը հետևյալն է, որ նաև մարդկային կապիտալի ինդեքսի ուղղություն է՝ քանի տարի է սովորում երեխան, և դրանից հետո կրթական արդյունքը քանի տարվա արդյունք է»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ տարբերությունը ցույց է տալիս դպրոցում անիմաստ վատնած ժամանակը. «Երեխան դպրոցում սովորում է 12 տարի, բայց ավարտին իր կրթական արդյունքը, օրինակ, 8.3 տարվա է, ինչպես 2015թ․ արդյունքով գրանցված էր Հայաստանի համար։ Սա է մեր ամենակարևոր և լուրջ խնդիրը, որ մեր երեխաները 12 տարի գնում են դպրոց, բայց կրթական արդյունքը, որ գրանցում են, 8.3 տարվա է հավասար։ Այդ ժամանակը մենք վերցնում ենք երեխաների կյանքից դպրոցներում և վատնում անիմաստ։ Սա պետք է ստիպի մեզ՝ բոլորիս գնալ փոփոխությունների»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ չափորոշչի ներդրումը կկրճատի տարբերությունը։