Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համակարգում է Ադրբեջանի հետ։
Radar Armenia-ի հետ զրույցում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն ընդգծեց՝ առաջին անգամ չէ, որ թուրքական կողմից նմանատիպ հայտարարություններ են լինում. նախորդ տարվա ընթացքում ևս դրանք հնչել են թե՛ ԱԳ նախարարի, թե՛ նախագահի խոսնակի կողմից. «Դա հայ-թուրքական հանդիպումներին զուգահեռ էր։ Այսինքն, մի կողմից՝ հանդիպումների ժամանակ նշվում էր, որ հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է, մյուս կողմից՝ հայտարարվում էր, որ իրենց գործողությունները սինխրոնացնում են Ադրբեջանի հետ։ Սա արդեն իսկ նախապայման է, եթե հարաբերությունների կարգավորումն այս կամ այն կերպ կապվում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և արցախյան հիմնախնդրի հետ։ Ըստ էության, այս պահի դրությամբ, Թուրքիան ունի նախապայման՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ, հետևաբար, ակնկալել, որ շատ արագ գործընթացներ կլինեն ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, իրատեսական չէ»։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին ու դրա հնարավոր ազդեցությանը ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա, Հովհաննիսյանը նշեց, որ այս առումով որևէ ժամկետ չկա ու չի կարող լինել, հետևաբար, ազդել էլ չի կարող. «Դա տարիների, եթե ոչ՝ տասնյակ տարիների հարց կարող է լինել ու, առհասարակ, որևէ բանի չհանգեցնել, քանի դեռ Ադրբեջանն իր ներկայիս քաղաքականությունն է շարունակում՝ ագրեսիա թե՛ ՀՀ տարածքների ու բնակչության, թե՛ Արցախի տարածքների ու բնակչության նկատմամբ՝ հայտարարությունների ու գործողությունների մակարդակով։ Հետևաբար, այս պայմաններում խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման կամ դրա ժամկետների մասին, անիմաստ եմ համարում»։
Հովհաննիսյանն ընդգծեց, որ քննարկումներ, բանակցություներ կարող են լինել, բայց դրանք կարող են ոչ մի բանի չհանգեցնել. «Երբ խոսում ենք երկու և ավելի կողմերի միջև հարաբերությունների մասին, բնականաբար, դրանք չեն կարող պայմանավորվել միայն կողմերից մեկի գործողություններով։ Այսինքն, այս պայմաններում ՀՀ-ն որքան էլ ուզենա առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել, եթե տվյալ պետությունների կողմից չկա փոխադարձ ցանկությունը, ինչն այս պահին չենք տեսնում, ապա ՀՀ-ն ավելին չի կարող անել»։
Թե ի՞նչ չպետք է անի ՀՀ-ն, Հովհաննիսյանը մանրամասնեց. «Բնականաբար, չպետք է թույլ տա, որ իրական պրոցեսում, ոչ թե Թուրքիայի հայտարարությունների մակարդակում, վերջինիս հետ հարաբերությունների կարգավորումը որևէ կերպ կապվի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը»։
Մարիամ Սարգսյան