Քաղաքական

Թուրքիային ձեռնտու է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելը

Թուրքիային ձեռնտու է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտնել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք հաջորդ հանդիպման մասին։ Հանդիպման ակնկալիքների վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։ 

- Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հերթական հանդիպումից։

- Եկեք հիշենք նախորդ հանդիպումները և, բնականաբար, տարածաշրջանային կարևոր զարգացումները, որի համատեքստում մենք ինչ-որ բան կարող ենք ասել։ Նախորդ հանդիպման ժամանակ ուղղակի մտքերի փոխանակում էր, իրար հետ ծանոթություն, մյուս հանդիպումներում արդեն ներկայացվեցին՝ ինչպիսի քայլեր է անհրաժեշտ անել՝ փոխադարձ վստահության մեծացման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մենք ավելի ուշ Չավուշօղլուից լսեցինք (ցավոք սրտի, մենք ամեն ինչ իմանում ենք թուրքական կողմից), որ դա ենթադրում է ենթակառուցվածքների ապաշրջափակում, համատեղ ուժերով ճանապարհների բացում, կամուրջների վերանորոգում ևն։ Սա պետք է զուգորդենք տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումների հետ։ Երկրորդը՝ Չավուշօղլուն ու Էրդողանը շեշտում են, որ Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորման գործընթացը գնում է Ադրբեջանի հետ խորհրդակցելով և կոորդինացմամբ։ Ի՞նչ է սա նշանակում, որ, միևնույն է, ըստ թուրքական կողմի հայտարարությունների, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից է կախված հայ-թուրքական հարաբերությունների ապագան, թեև շեշտեմ, որ Թուրքիային ձեռնտու է ամեն գնով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, քանի որ 44-օրյա պատերազմից հետո կարողացավ իր ազդեցությունը ավելացնել Ադրբեջանում, և իրեն պետք է նաև Հայաստնում այդ ազդեցությունը մեծացնել, իսկ Հայաստանում դա հնարավոր է, եթե կա հարաբերություն։ Հիմա իրեն խանգարում են Հայաստան-Ադրբեջան չկարգավորված հարաբերությունները։

- Եթե, ըստ Չավուշօղլուի, խոսվում է հարաբերությունների կարգավորման մասին, ինչո՞ւ հանդիպումներ չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում։ Ո՞րն է խնդիրը, որ երկու երկներից որևէ մեկի տարածքում չի անցկացվում այն։

- Քանի որ ես պաշտոնյա չեմ և ներքին չբացահայտված գաղտնիքների չեմ տիրապետում, հստակ չեմ կարող ասել, բայց հետևյալ կերպով Հայաստանը փորձում է ապահովագրել իրեն՝ այս գործընթացը դնելով երրորդ կողմի երաշխիքների մեջ։ Փորձում է երրորդ կողմի երաշխավորություն ունենալ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Այսինքն՝ վախն է գործոնը։ Չավուշօղլուն ասաց, որ հայերը պետք է մի քիչ խիզախ լինեն։ Ինչ-որ չափով, կարծում եմ, սա ոչ թե խիզախության խնդիր է, այլ անորոշության և այդ ոլորտում համապատասխան խորհրդատվության պակասի հետևանք։

-Հանդիպումից հետո էական առաջընթաց հնարավո՞ր է գրանցել։

Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը կարող է գնալ և Ադրբեջանի ցանկացած խնդրի դեպքում անդառնալիորեն վերադառնալ այն զրոյական կետին։ Այո՛, առաջընթաց կլինի, բայց այդ առաջընթացը, միևնույն է, ինչքան էլ լինի, եթե նույնիսկ սահմանը բացեն, հենց Ադրբեջանը ասի՝ կա խնդիր, Թուրքիան նորից կփակի, ինչպես փակեց 1994թ․։ Այսինքն, վերջնականի համար Թուրքիան դիտարկում է այս պահին Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման հնարավորությունը։ 

- Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, եթե Ադրբեջանը այդպիսի խոչընդոտ է լինելու։

- Հայկական կողմն անում է այն, ինչ ցանկանում է։ Վաղուց եմ ասել՝ հայկական կողմը անհասկանալիորեն շատ է տոգորված Թուրքիայի հետ հարաբերություննեը շտապ կարգավորելու մտքով, բայց որևէ անվտանգային, ենթակառուցվածքային, տնտեսական, քաղաքական, հասարակական մակարդակում պատրաստ չէ այդ կարգավորմանը։ Բնական է, որ երկու երկրներ, որոնք ունեցել են, ունեն խնդիրներ, փորձում են հարաբերությունները կարգավորել, բայց խելամիտ առաջնորդները նախ պատրաստվում են դրան, պատրաստում են հասարակությանը, տնտեսությունը, ընկերություններին՝ թե քաղաքական, թե հասարակական, թե ռազմավարական առումներով, բայց Հայաստանը անպատրաստ, գաղափար չունենալով, թե ինչպես են այդ գործընթացները կազմակերպվում, անմիջապես անցավ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Հարաբերությունների կարգավորման դեպքում պետք է լինել պատրաստված, որպեսզի նվազեցվեն Թուրքիայից եկող վտանգները։ Մտածել, որ երկիրը մի ամբողջ հավերժություն կարող է փակ սահմաններով մնալ, դա էլ ռեալ չէ։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական