ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է իշխանությունների հայտարարություններին, թե Արցախ գնալով ընդդիմությունը վտանգում է Արցախը։ Ըստ Մամիջանյանի՝ ցավալի է, որ Հայաստանի իշխող խմբակցության պատգամավորները նույնպես միացել են «բոյկոտի»՝ չայցելելով Արցախ և միայնակ թողնելով Արցախը. «Մենք Արցախին միայնակ չենք թողնում, այն մեր հայրենիքն է, և ամեն ինչ կանենք, որպեսզի Արցախը երբեք չհայտնվի Ադրբեջանի կազմում։ Արցախը վտանգվում է սրանց գոյությամբ, սրանց՝ իշխանության լինելով, որ իրենց, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի արշալույսին ավելի շատ զոհեր, գերիներ ու տարածքային կորուստներ են լինում, քան մինչ այդ՝ 30 տարվա ընթացքում»։
Անդրադառնալով Արցախի դրոշը տեղադրելուն՝ Մամիջանյանը նշեց, որ այն դարձավ Հայաստանի արժանապատվությունը վերադարձնող շարժման սիմվոլ. «Այն արդեն իսկ ծածանվում է Հայաստանի տարբեր մեծ ու փոքր քաղաքներում, հիմա արդեն՝ ԱԺ դահլիճում։ Ես կարող եմ հասկանալ, որ այն խունտան, որը դեմ քվեարկեց, որպեսզի ՀՀ ԱԺ-ում լինի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, պիտի որ նեղվի Արցախի դրոշի առկայությունից»։