ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմության՝ ԱԺ նիստերին չմասնակցելու և Արցախ մեկնելու մասին հայտարարությունն ու հարց ուղղեց մարդկանց, որոնք ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին՝ այդպես այդ խմբակցություններին գործուղելով խորհրդարան. «Լավ, բա էս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձն արդարացնելու, երբ են պետության կողմից իրենց վրա ծախսված գումարներն արդարացնելու։ Մատների վրա հաշված օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացնում, որոնք միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալուն։ Որևէ մասնակցություն չկա այցերին, միջազգային գործընկերների հետ հանդիպումներին չեն մասնակցում։ Ամենահայտնի հանդիպումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ՀՀ ժողովրդավարության մասին զեկույցին դեմ քվեարկելն էր, դրանից հետո որևէ էական հանդիպման մասնակցություն չի եղել»։
Ըստ Սիմոնյանի՝ ԱԺ ընդդիմությունը նաև զուգորդված աշխատում է Ադրբեջանի ԶՈւ-ի հետ. «Հայտարարություն՝ սադրանք սահմանին, Փաշինյան-Պուտին հանդիպում, հայտարարություն՝ միտինգ։ Ամբողջը՝ զուգորդված։ Սրանք զուգադիպություններ չեն, և սրա պատասխանը դուք պետք է տաք»։
ԱԺ նախագահի խոսքով՝ ընդդիմադիր խմբակցությունները հատուկ ներկա եղան նիստի մեկնարկին, որպեսզի «կոճակ սեղմեն, ու աշխատավարձից պահում չլինի». «Բա ինչու՞ մանդատները վայր չեք դնում, կարո՞ղ եք դնել, վստահ եմ՝ չեք կարող։ Եթե գործունեություն չեք ծավալում, ինչու՞ եք գալիս»։