Քաղաքական

«10 տարի երկիրը ղեկավարած մարդը պետք է ասելիք ունենար». Հրաչյա Հակոբյան

«10 տարի երկիրը ղեկավարած մարդը պետք է ասելիք ունենար». Հրաչյա Հակոբյան

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած հանրահավաքը, որից հետո ընդունվեց համատեղ բանաձև-հայտարարություն։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Radar Armenia-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հանրահավաքի իրազեկման ժամանակ չէր նշվում կազմակերպիչ ուժերի անունները. «Ուղղակի նշում էին, որ բոլոր քաղաքացիներին հրավիրում են Ազատության հրապարակ։ Չէին հնչում ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, նրանց ներկայացնող խմբակցությունների անունները»։

Ըստ պատգամավորի՝ պատահական չէր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հանրահավաքին չմասնակցելը. «Քանի որ նախօրոք ասվել էր, որ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցելու, դա նույնպես, կարծում եմ, արված էր նրա համար, որ հանրությունը հարթակին  չտեսնի Ռոբերտ Քոչարյանին։ Սերժ Սարգսյանն էլ հանրահավաքին մասնակցում էր որպես քաղաքացի։ Այս երևույթը զարմանալի է։ Մարդ, որը հայտարարում է, թե պահն օրհասական է, 10 տարի ղեկավարել ես երկիրը, եկել ես հանրահավաքի ու ոչինչ չունե՞ս հանրությանն ասելու։ Կարծում եմ՝ 10 տարի երկիրը ղեկավարած մարդը պետք է ունենար ասելիք, ոչ թե հանրահավաքին ներկայանար որպես շարքային քաղաքացի ու կանգներ մասնակիցների մեջ»։

Դիտարկմանը, թե ըստ հանրահավաքին ընդունված բանաձև-հայտարարության՝ խաղաղության օրակարգ ստեղծելու համար նախևառաջ պետք է Ադրբեջանը վերադարձնի պահվող անձանց, գերիներին, ազատազրկման դատապարտվածներին, Հակոբյանն արձագանքեց, որ վերջիններիս վերադարձի հարցով ամենօրյա աշխատանք է տարվում, բարձր մակարդակով հանդիպումներին այդ խնդրին անդրադարձ կատարվում է։ «Այնպես չէ, որ աշխատանք չի արվում, պետք է արվի, հետո սկսեն մյուս աշխատանքները»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական