Ապրիլի 3-ին լրացավ ՀՀ և ՌԴ միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ 1992թ. ապրիլի 3-ին կնքվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» համաձայնագիրը։
Այս տարիների ընթացքում երկու պետությունների միջև ստեղծվել են սերտ դաշնակցային հարաբերություններ. կնքվել է ավելի քան 250 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագիր և համաձայնագիր։ Դրանցից առանցքայինը 1997թ. օգոստոսի 29-ի կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրն է:
Radar Armenia-ն ներկայացնում է, թե 1991-ից ի վեր ովքեր են եղել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանները։
Եվ այսպես, անկախության այս 30 տարիների ընթացքում ՀՀ-ն ՌԴ-ում ունեցել է 7 դեսպան։
Առաջին դեսպանը եղել է Յուրի Մկրտումյանը։ Նա պաշտոնավարել է 1994-1997թթ․։ Ավելի վաղ Մկրտումյանը եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի հիմնադիր վարիչը։ 1994թ.-ին նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, իսկ ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից հետո վերադարձել է իր համալսարանական գործունեությանը։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ընթացքում ՌԴ-ում ՀՀ հաջորդ դեսպանը եղել է Գագիկ Շահբազյանը։ Նա պաշտոնավարել է 1997-1999թթ։ Ավելի վաղ Շահբազյանն աշխատել էր որպես ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, ինչպես նաև՝ համատեղության կարգով, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար։
Դեսպանի պաշտոնից ետ կանչվելուց հետո Շահբազյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։
ՌԴ-ում ՀՀ 3-րդ դեսպանը եղել է Սուրեն Սահակյանը՝ 1999-2002թթ.։ Նա ավելի ուշ նշանակվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար։
2002-2010թթ.-ին դեսպան է եղել Արմեն Սմբատյանը, ով դրանից հետո նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական, իսկ 2018-2021թթ.՝ Իսրայելում Հայաստանի դեսպան։
Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Օլեգ Եսայանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է եղել 2010-2017թթ.-ին։ Ի դեպ, Եսայանը ՌԴ-ում ՀՀ դեսպաններից ամենաերկարն է պաշտոնավարել։
Վերջին տարիներին ՌԴ-ում ՀՀ դեսպան է եղել նախկինում Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդան Տողանյանը՝ 2017-2022թթ.։
2022թ. դեսպան է նշանակվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն, ով պաշտոնավարում է առ այսօր։
Ոսկեհատ Պողոսյան