Օրերս ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել էր ՄԻԵԴ որոշումների հիմքով քաղբանտարկյալներ դատած դատավորներին համակարգից դուրս մղելու գործընթացի մասին։ Ըստ նրա՝ օրինագծի կապակցությամբ նաև Վենետիկի հանձնաժողովն է խորհրդատվական կարծիք հայտնել: Անդրեասյանն ԱԺ-ում նաև նշել էր. «Մեր նախաձեռնությունը վերաբերում է քաղբանտարկյալներ դատած դատավորներին՝ ՄԻԵԴ-ի որոշումներով ապացուցված, ովքեր դիտավորյալ ապօրինություններ են թույլ տվել»։
ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ արդարադատության նախաձեռնությանը, նշեց՝ չի հավատում, որ այն կարող է իրականություն դառնալ. «Չհավատալս հիմքեր ունի։ 2018-ին այս իշխանությունը հեղափոխական հարթակներից խոսեց «Մարտի 1»-ի մասին, մինչև այսօր մենք տեսնում ենք զրո արդյունք։ Եթե նախկին իշխանությունների ժամանակ «Մարտի 1»-ի գործը փակուղում էր, ապա այժմ դրա վրա այնպիսի տապանաքար է դրված, որ որևէ լեգիտիմ ակնկալիք այլևս չի մնացել, որ այս իշխանությունները կկարողանան ինչ-որ բան անել»։
Խաչատրյանը նշեց, որ 2020-ին ակտիվորեն քննարկվել է այն հանգամանքը, որ Դատական օրենսգիրքը՝ գործող Սահմանադրության շրջանակներում, հնարավորություն է տալիս՝ դատավորների անհամատեղելիության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հասնել նրան, որ հիմնարար իրավունքի խախտում թույլ տված կամ քաղաքական պատվեր կատարած դատավորները չզբաղեցնեն այդ պաշտոնը. «Արդարադատության նախկին նախարարը ինչ-որ անհասկանալի հիմնավորումներով մերժեց այդ առաջարկը, գործող նախարարն էլ՝ պաշտոնն ստանձնելու պահին, հայտարարեց, որ օրենսդրությունը թույլ չի տալիս, գործիքակազմ չկա, ու հիմա թերահավատորեն եմ մոտենում այս գործընթացին»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես պետք է նախաձեռնությունն իրականացնել՝ առանց քաղաքական գործընթացի վերածելու, Խաչատրյանը նշեց, թե չպետք է վախենալ դրանից. «Իմ հարյուրավոր ընկերների վերաբերյալ քաղաքական դրդապատճառներով, քաղաքական պատվերով դատավորները կայացրել են քաղաքական որոշումներ։ Իհարկե, սա Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է՝ հանցագործություն արդարադատության դեմ, բայց, միևնույն է, ամբողջական քաղաքական գործընթաց է։ Դատավորների նկատմամբ արդարության վերականգնման գործընթացը պետք է սկսել՝ քաղաքական գնահատական տալով «Մարտի 1»-ին, ինչն այս իշխանությունը համառորեն չարեց։ Երբ վարչապետը որոշում է «Մարտի 1»-ին քաղաքական գնահատական տալ ու, չգիտես ինչու, ներողություն է խնդրում Վազգեն Մանուկյանից, իր քաղբանտարկյալ ընկերներին ինքը չի հիշում, չի հիշում զոհվածների ծնողներին, որ իր կողքին են եղել «Մարտի 1»-ի գիշերը»։
Խաչատրյանի խոսքով՝ այն դատավորներին, որոնք քաղաքական պատվերով անմեղ մարդկանց տարել են անազատության, նպաստել են իշխանության զավթմանը, պետք է տալ ոչ միայն քրեաիրավական գնահատականներ, այլև հենց քաղաքական. «Մենք համոզված ենք, որ գործել է հանցավոր հանցակցություն։ Դրա «գլխին» կանգնած են եղել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, հետո բուրգով իջել-հասել է մինչև սովորական օպերատիվ հետախուզական ծառայության աշխատակից։ «Մարտի 1» ասվածը պետք է քննության առնվեր այս լայն սպեկտրով։ Թող վախենան նրանք, որոնք, կրելով դատավորի պատմուճանը, գնացել են քաղաքական որոշումների»։
Ըստ ՀԱԿ ներկայացուցչի՝ հասարակությունը կընդունի և կողջունի այս գործընթացը, եթե իշխանությունը գործի արդարության սկզբունքով, ոչ թե՝ երկակի ստանդարտներով։
«Պետք է լինել համարձակ ու գործել անցումային արդարադատության սկզբունքներով։ Այլ խնդիր կարող է լինել՝ մեր հարյուրավոր ընկերներից միայն մոտ 2 տասնյակն է դիմել ՄԻԵԴ։ Օրինակ, Վահագն Հայոցյանը չի դիմել ՄԻԵԴ, բայց նրա նկատմամբ վճիռ կայացրած դատավորը թույլ է տվել նույն հիմնարար իրավունքի խախտումներն ու չարաշահել է արդարադատությունը՝ խաթարելով դրա բուն էությունը՝ այնպես, ինչպես, օրինակ, Մուշեղ Սաղաթելյանի դատավորը։ Ինչու՞ պետք է վերջինիս նկատմամբ որևէ վարույթ իրականացվի, իսկ, օրինակ, մյուս դատավորը, որի վճիռներով չեն դիմել ՄԻԵԴ, բայց վերաբերում են նույն խախտումներին, պետք է շարունակի պաշտոնավարել կամ չեզոք մնալ որևէ տեսակի վարույթից։ Այդ դեպքում վերաբերմունքը դառնում է խտրական։ Այս հարցը պետք է բարձրացնել արդարադատության նախարարի առաջ, որովհետև այն, ինչ ուզում են անել, չի ստացվի»։