Քաղաքական

«Ռուսաստանը կփորձի ամրապնդել իր ռազմական ներկայությունը Արցախում». Արմեն Բաղդասարյան

«Ռուսաստանը կփորձի ամրապնդել իր ռազմական ներկայությունը Արցախում». Արմեն Բաղդասարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

- Վերջերս ՌԴ-ի և Բելառուսի հարաբերությունները, կարծես, ավելի են խորանում, նաև խոսվում է ռոմինգը չեղարկելու մասին։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը կփորձի՞ միութենական պետություն ստեղծել՝ դրանում ներգրավելով այլ երկրների։

- Ռուսաստանը պիտի փորձի, երկարաժամկետ կտրվածքով, ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացներն ավելի խորացնել, այդ թվում՝ միասնական դրամական միավոր ընդունել, որն, ի վերջո, պիտի հանգեցնի ինչ-որ ընդհանուր պետության գաղափարի։ Այսինքն, դա միանգամից չի լինի։

Կարծում եմ՝ վերջնական նպատակը դա պիտի լինի, նոր՝ ինչ-որ պետական միավորում ստեղծելը, որին անդամագրվելուց Հայաստանը պիտի խուսափի և դիմադրի, որքան կարող է։

- Հնարավո՞ր է Հայաստանի ներգրավումը միութենական պետության մեջ։

- Իմ կարծիքով՝ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, կփորձի Հայաստանին ներգրավել միութենական պետության մեջ, բայց Հայաստանն ամեն կերպ պետք է դիմադրի և փորձի պաշտպանել իր անկախությունը։ Դա պիտի բոլորիս խնդիրը լինի, առավել ևս, որ մեր Սահմանադրությունում հստակ նշված է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և այդ հոդվածը փոփոխման ենթակա չէ։

Այն խնդիրները, որոնք այսօր մեր առջև ծառացել են, կարող ենք լուծել՝ միայն ունենալով անկախ պետականություն, իսկ եթե մենք դրանից հրաժարվում ենք, կամ դա սահմանափակվում է, նշանակում է՝ մեր խնդիրների լուծումը փոխանցում ենք այլ ուժի, որը, բնականաբար, դրանք պիտի լուծի՝ առաջնորդվելով իր շահերով։

- Այսինքն, Հայաստանը կկարողանա՞ խուսափել միութենական երկրներին միանալուց։

- Անկախություն ասվածը վերացական, ինքնանպատակ չի։ Ես նկատի ունեմ, որ մեր անկախության սահմանափակումը կթուլացնի մեր խնդիրները լուծելու հնարավորությունը։

Իհարկե, Հայաստանը կկարողանա մերժել միութենական պետությանը միանալու առաջարկը։ Ծայրահեղ իրավիճակում կարող ենք ասել, որ այդպիսի հարցերը հանրաքվեով են լուծվում, որովհետև Հայաստանն իր անկախությունը հռչակել է միջազգային օրենքների հիման վրա և հանրաքվեով։ Հետևաբար, որևէ այլ բան եթե հնարավոր լինի, կարող է իրացվել միայն հանրաքվեի միջոցով։

Այնպես չի, որ որևէ քաղաքական ուժ կամ իշխանությունը կարող է նման որոշում ընդունել ողջ ժողովրդի անունից։ Դա շատ լուրջ փաստարկ է, ընդ որում՝ միջազգային բոլոր կառույցներում իրավականորեն հաստատված փաստարկ։ Չի կարող լինել, որ մեզ պարտադրեն, մենք էլ ուրիշ տարբերակ չունենանք։

- Քաղաքական որոշակի շրջանակներ խոսում են Ղրիմի օրինակով Արցախը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին։ Սա ինչքանո՞վ է ռեալ։

- Ես կարծում եմ՝ դա բացարձակապես ռեալ չի։ Ռուսաստանը դեռևս Ղրիմը չի մարսել և չի ցանկանա Ղարաբաղի հարցով նոր գլխացավանքի մեջ ընկնել։ Եթե Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որին հիմնականում ռուսական բնակչությունն էր մասնակցում, ինչպես նաև իրավական հիմնավորումներ կային, ըստ որի՝ Ղրիմը 1954թ.-ին նվիրվել էր Ուկրաինային՝ Խրուշչովի կամայական որոշմամբ, նույնը չկա Արցախի դեպքում։

Ռուսաստանը, բնականաբար, երբեք չի գնա այդպիսի քայլի, որովհետև դա կնշանակի՝ ևս մեկ անգամ հակադրվել ամբողջ աշխարհին, ինչն իրեն պետք չէ։ Այլ հարց է, որ Ռուսաստանը կփորձի ամրապնդել իր ռազմական ներկայությունն Արցախում, իսկ դրա համար անհրաժեշտ կլինի, որ այնտեղ մշտապես լինի հայ բնակչություն։ Այդ բնակչության կամարտահայտման շնորհիվ Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ կփորձի երկարաձգել տարածաշրջանում իր խաղաղապահ ներկայությունը, ինչը իրեն հնարավորություն կտա՝ ազդեցության լծակներ ունենալ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա։

Ոսկեհատ Պողոսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական