Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ներխուժել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա՝ փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում: Դրան նախորդել էր Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցումը։
Այս կապակցությամբ Radar Armenia-ն զրուցել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ։
- Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Արցախում տեղի ունեցողը, ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը։
- Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր նպատակը՝ Արցախն ամբողջությամբ տեսնել իր կազմում։ ՀՀ իշխանությունները տարիներ են ունեցել, որ ինչ-որ աշխատանք կատարեին այդ ուղղությամբ։ Վերջին պատերազմը, պարտությունն ու այսօր ստեղծված իրավիճակը խոսում են այն մասին, որ ՀՀ թե՛ նախկին, թե՛ գործող իշխանությունները չեն կարողացել լուծել իրենց առջև դրված խնդիրները, իսկ Ադրբեջանն այս պահին լուծում է իր առջև դրված խնդիրները։
-Բայց և՛ ՀՀ-ն, և՛ Ադրբեջանը խոսում են խաղաղության օրակարգի մասին, այդ դեպքում Ադրբեջանն ինչու՞ է սադրանքների, ռազմական գործողությունների դիմում, և խաղաղության օրակարգը հայտարարություններից գործնական դաշտ չի տեղափոխվում։
- Խաղաղության մասին պետք է ոչ միայն խոսել, այլև ճանապարհներ գտնել, որ այն կայանա։
Հայտարարությունների մակարդակում ամեն բան հնարավոր է, կարելի է ամեն ինչ հայտարարել։ Պետք է լինեին առարկայական բանակցություններ, ոչ թե հայտարարություններ։
-Արդյո՞ք Ադրբեջանը փորձում է օգտվել այն հանգամանքից, որ ՌԴ ուշադրությունը կենտրանացած է ռուս-ուկրաինական ճգնաժամի վրա։
- Ոչ միայն ՌԴ-ի, այլև ողջ աշխարհի ուշադրությունն է այդ ուղղությամբ կենտրոնացած։ Քանիցս հայտարարել եմ, որ ուկրաինական պատերազմն անպայման ազդելու է մեզ վրա։ Փակել աչքերն ու մտածել, թե կարող ենք անմասն մնալ աշխարհում տեղի ունեցող զարգացումներից, սխալ է։
Կարծում եմ՝ պայմանավորվածություն կա ռուսների և ադրբեջանցիների միջև։ Հակառակ դեպքում՝ Ադրբեջանը ռուսական զինվորների նկատմամբ չէր գնա որևէ գործողության։
Մարիամ Սարգսյան