Միջազգային

Գնաճ ու սննդամթերքի պակաս. ուկրաինական ճգնաժամի հետևանքները Թուրքիայում

Գնաճ ու սննդամթերքի պակաս. ուկրաինական ճգնաժամի հետևանքները Թուրքիայում

Արևածաղկի ձեթ տեղափոխող թուրքական նավերն արգելափակված են Ազովի ծովում։ Այս սննդամթերքը Թուրքիան ներկրում է Ռուսաստանից։ Արդյունքը թուրքական խանութներում ձեթի պակասն է ու սննդամթերքի ներկրման ոչ հուսալի լինելը. գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայից ռազմական գործողությունների մասին լուրերի ֆոնին սա սկզբում այնքան էլ կարևոր չթվաց։ Թուրքիայում բուսայուղ ներմուծողների թուրքական միության ղեկավարը հայտնել է, որ 16 թուրքական նավեր արդեն մի քանի օր է չեն կարողանում լքել ռուսական նավահանգիստները, իսկ Թուրքիայում այդ մթերքների պաշարները կբավականացնեն ընդամենը մեկ ամիս։ Այս լուրն արագ տարածվեց երկրում ու ողջ Թուրքիայի սուպերմարկետներում աժիոտաժի հանգեցրեց։ Սոցցանցերում խանութների դատարկ դարակաշարերի, ինչպես նաև մարդկանց հերթերի լուսանկարներ հայտնվեցին։ Չնայած, մինչ ՌԴ ռազմական գործողություններն Ուկրաինայում, Թուրքիայում արդեն իսկ տեղի գների համեմատ բարձր էր բուսայուղի արժեքը։

Մեկ տարի առաջ բուսայուղի մեկ լիտրն արժեր 19 թուրքական լիրա, այժմ այն գրեթե 40 է՝ մոտ 2,50 եվրո։ Եվ սա այն երկրում, որտեղ ավելի քան 10 միլիոն մարդ ստանում է ամսական 312 եվրո նվազագույն աշխատավարձ, իսկ 3,5 միլիոնը՝ նույնիսկ ավելի քիչ։ Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ երկիրն աշխարհում արևածաղկի բուսայուղի խոշորագույն ներկրողն է։ Արտադրանքի 65%-ը գալիս է Ռուսաստանից, 4%-ը՝ Ուկրաինայից։ Թուրքական ընկերությունները բուսայուղի մի մասը հետագայում վաճառում են Ալժիրին և Իրաքին։

Թուրքիայի բնակիչները տարեկան սպառում են 2,7 մլն տոննա արևածաղկի ձեթ, որից միայն 1,7 տոննան է արտադրում հենց երկիրը։ Մնացածը ներմուծված է։ Թուրքիայում սեփական արևածաղկի ձեթի արդյունահանումը կենտրոնացած է Ֆրակիայի տարածաշրջանում՝ երկրի եվրոպական մասում։ Այստեղ և՛ կլիման, և՛ հողը իդեալական են գյուղատնտեսության համար։

Բայց ինչո՞ւ այդ դեպքում կախված լինել ներմուծումից: Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ավելի ու ավելի շատ թուրքեր են իրենց տալիս այս հարցը. ի վերջո, նրանց երկիրը ոչ միայն բուսայուղ է գնում Ռուսաստանից, այլև Թուրքիա մատակարարվող ցորենի 70%-ը ևս բերվում է Ռուսաստանի Դաշնությունից։ Կշարունակվե՞ն մատակարարումները։ Իսկ ի՞նչ գներ են սպասում գնորդներին խանութներում։ Վերջին հարցը հիմա հատկապես ցավալի է թուրքերի համար. միայն փետրվարին երկրում գները տարեկան կտրվածքով աճել են 54%-ով, նախորդ ամիսներն ավելի լավը չեն եղել։ Սկզբում փորձագետները բարձր գնաճի պատճառը տեսան երկրի տնտեսական և ֆինանսական գործընթացներին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջամտության մեջ, հետո տեղի ունեցավ կորոնավիրուսի համաճարակը, իսկ այժմ՝ պատերազմը։

Ուստի Թուրքիայի գյուղատնտեսների ասոցիացիայի ղեկավար Բակի Ռեմզի Սուիչմեզը պահանջում է նվազեցնել երկրի կախվածությունը արտասահմանից սննդամթերքի ներմուծումից։ Եվ դա վերաբերում է ոչ միայն արևածաղկի ձեթին, այլև ցորենին ու եգիպտացորենին։ Իրավիճակի լրջությունը գիտակցում են նաև Անկարայի իշխանությունները և նախ բոլոր ջանքերը գործադրում են Ազովի ծովում արգելափակված թուրքական նավերը դուրս բերելու համար։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դրանցից 4-ը ադեն սկսել են շարժվել դեպի թուրքական նավահանգիստներ։ Այս մասին լուրերը թուրքական ԶԼՄ-ները տարածեցին «կայծակ» նշագրումով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական