Քաղաքական

«Ադրբեջանը Արևմուտքի ճնշման տակ է որոշել վերսկսել գազատարի վերանորոգումը». Միքայել Նահապետյան

«Ադրբեջանը Արևմուտքի ճնշման տակ է որոշել վերսկսել գազատարի վերանորոգումը». Միքայել Նահապետյան

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանանցմամբ՝ ադրբեջանական կողմը սկսել է Արցախում վնասված գազի խողովակի վերանորոգման աշխատանքները։ 

Radar Armenia-ի հետ զրույցում «Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ անդամ Միքայել Նահապետյանը, անդրադառնալով այդ փաստին, նշեց՝ բնական է, որ ադրբեջանցիները չեն ուզում, որ որևէ մեկը մտնի այդ տարածք, դրա համար իրենք են որոշել գազատարը վերանորոգել. «Ադրբեջանցիների կողմից հակամարդկային գործողությունների շղթա էր, մարդկության դեմ ուղղված ապօրինի, հակաիրավական գործողություններ էին, որոնք, բնական է, ինչ-որ կերպ արձագանք պետք է ստանային»։ Նահապետյանը կարծիք հայտնել, որ միջազգային արձագանքն է ստիպել, որ ադրբեջանցիները վերականգնեն գազամատակարարումը. «Մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանը Արևմուտքի ճնշման տակ է այդ որոշմանը եկել, որովհետև Ադրբեջանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի զանգի հաջորդ օրն է այդ որոշման մասին հայտարարել»։

Ռուսաստանի միջնորդության մասին խոսելով՝ Նահապետյանն ասաց. «Արցախի գազի խողովակի վնասված լինելու տեղեկությունից հետո Ռուսաստանը փորձել է այդ խնդիրը լուծել, բայց 8 օր շարունակ չէր կարողանում։ Հնարավոր է՝ 8 օր տևել են ռուս-ադրբեջանական բանակցությունները, և 8-րդ օրը, ի վերջո, համաձայնության են եկել, ու դա համընկել է ԱՄՆ պետքարտուղարի զանգի հետ, բայց չեմ բացառում նաև, որ Էնթոնի Բլինքենի զանգն իր ազդեցությունը թողած լինի»։

Նահապետյանի խոսքով՝ էականն այն է, որ գազամատակարարումը վերականգնվել է, մնացած հետևությունները պետք է արվեն պատասխանատու շրջանակների կողմից, և մարդիկ հասկանան՝ որտեղ են իրական լծակները, և որտեղ է պետք ավելի շատ աշխատել։

Ոսկեհատ Պողոսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական