«ԼՂ հակամարտությունը տարածքային հարց չէ, իրավունքի հարց է», - այս մասին, Radar Armenia-ի հետ զրույցում, ասաց միջազգայնագետ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
- Պարո՛ն Խանդանյան, ադրբեջանական կողմի առաջարկած 5 դիրույթների վերաբերյալ ի՞նչ տեսակետ ունեք։ Արդյո՞ք դրանք բավարար են՝ խաղաղության գործընթաց սկսելու համար։
- Ինչպես գիտեք, ՀՀ ԱԳՆ-ն օրեր առաջ հայտնել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացը սկսելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և պատասխանել է Ադրբեջանի առաջարկին՝ նշելով, որ բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի շրջանակներում և որոշ փաստաթղթերի հիման վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան միջազգային ակտի դրույթների։
Ես ամբողջությամբ կիսում եմ ԱԳՆ դիրքորոշումը։
- Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի կարգավիճակը, ո՞րն է այն կարմիր գիծը, որը Հայաստանը չի հատի։
- Ադրբեջանը շարունակաբար պնդում է, որ ԼՂ հակամարտությունն այլևս լուծվել է, բայց ակնհայտ է, որ պատերազմով անհնար է լուծել որևէ հակամարտություն։ Այսինքն՝ ԼՂ հակամարտությունը չի լուծվել վերջին պատերազմի արդյունքում։
Ղարաբաղի հակամարտությունը տարածքային հարց չէր, այլ այնտեղ ապրող հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցն էր, ուստի պետք է հստակեցվի ԼՂ կարգավիճակը, որից հետո հնարավոր լինի խոսել ԼՂ հակամարտության համապարփակ լուծման մասին, և հստակ կարգավիճակ սահմանվի։
- Հնարավո՞ր է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ դրա համար։
- Համապատասխան միջավայրի առկայություն է պետք, պատրաստակամություն, որն, ըստ էության, Հայաստանը ամենաբարձր մակարդակով հայտնել է։ Ինչպես նաև՝ չպետք է լինեն նախապայմաններ՝ այդ գործընթացը սկսելու համար, իսկ Ադրբեջանի ներկայացրած առաջարկների առնվազն մի մասը դիտարկվում է որպես նախապայման, ինչը կարող է խոչընդոտել գործընթացի մեկնարկին։
- Բանակցությունների համար Հայաստանն ունի՞ նախապայմաններ։
- ԱԳ նախարարությունն արդեն հայտնել է Հայաստանի դիրքորոշումը, որոնք պետք է քննարկվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Ոսկեհատ Պողոսյան