Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ մոտ ժամանակներս Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Շոլցն ընդգծել է, որ Ուկրաինայի հարցով ակտիվորեն համագործակցում է Եվրամիության դաշնակիցների ու գործընկերների հետ։
Շոլցի խոսքով Ուկրաինայի հետ սահմանին, ռուսական զորքերի թվի ավելացմամբ պայմանավորված, անհրաժեշտ է կրկնակի ազդակ ուղարկել. «Իրավիճակը շատ լուրջ է»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանին հասկացրել են, որ թանկ կվճարի, եթե խախտվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ «Եվ այս ազդանշանը հասկացվեց»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
«Միևնույն ժամանակ անհրաժեշտ է օգտագործել հաղորդակցության բոլոր ուղիները ռազմական էսկալացիայից խուսափելու համար»-, հայտարարել է Շոլցը՝ հիշեցնելով նորմանդական ձևաչափով բանակցությունները Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ, որոնք, նրա կարծիքով, «կրկին կյանքով են լցվել»։
Հաջորդ շաբաթ՝ փետրվարի 7-ին, Օլաֆ Շոլցը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Ակնկալվում է, որ դրա հիմնական թեմաները կլինեն կլիմայի պաշտպանության քաղաքականությունը, կորոնավիրուսային համաճարակը, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ հակամարտությունը։