Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գուլնարա Քարիմովայի 131 մլն դոլարի միջոցները, որոնք գտնվում են շվեյցարական բանկերում, ՄԱԿ-ի բազմակողմ վստահության հիմնադրամի միջնորդությամբ կվերադարձվեն Ուզբեկստան։
Ուզբեկստանի արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ. 2022թ. փետրվարի 11-ին Շվեյցարիայի և Ուզբեկստանի բանակցությունների արդյունքում երկու երկրների պատվիրակությունները սկզբունքորեն համաձայնել են ստեղծել ՄԱԿ-ի նոր հավատարմագրային հիմնադրամ: Հիմնադրամի նպատակն է Գյուլնարա Քարիմովայի բռնագրավված ակտիվները վերականգնել և Ուզբեկստան վերադարձնել: Նշվում է, որ ներկայումս վերադարձման է պատրաստ շուրջ 131 մլն դոլար, որը դուրս է բերվել Ուզբեկստանից Քարիմովայի և նրա մերձավորների կողմից։
Հիշեցնենք, որ Քարիմովան 2015թ. օգոստոսին դատապարտվել է շորթման և հարկերից խուսափելու մեղադրանքով, իսկ 2017թ. դեկտեմբերի 18-ին մեկ այլ գործով դատապարտվել է տասը տարվա ազատազրկման։ Այս տարվա մարտի 18-ին դատարանը նոր քրեական գործով նրա ազատազրկման ժամկետը երկարացրել է մինչև 13 տարի 4 ամսով։