Ռուսթավի բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցերում հրապարակել է երկրի տնտեսական զարգացման իր տեսլականի թեզերը։ Նախկին նախագահը գրում է, որ վերջին 10 տարում, երբ իշխանության եկավ «Վրացական երազանք» կուսակցությունը, Վրաստանում սոցիալ-տնտեսական վիճակը ծայրահեղ վատթարացավ։ «Մենք կորցրեցինք թանկ տարիներ, երբ տնտեսությունը չզարգացավ, այլ, ընդհակառակը, խիստ կրճատվեց՝ արդյունքում աղքատություն, տրանսպորտի, սննդի և դեղորայքի թանկություն, կոմունալ ծառայությունների հսկայական վճարներ և հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ մեկնեցին արտագնա աշխատանքի»,- գրել է Սաակաշվիլին։
Սաակաշվիլիի կարծիքով՝ ներկայիս իշխանությունների «անգործունակության և անկարողության» պատճառով այնպիսի փոքր երկիրը, ինչպիսին Վրաստանն է, կորոնավիրուսի համավարակի երկու տարիների ընթացքում ավելի քան 15000 կյանք է կորցրել։ Նա օրենք է առաջարկում, ըստ որի այն անձանց, որոնց ունեցվածքը գերազանցում է երկրի ՀՆԱ-ի 5%-ը, պետք է արգելվի քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Նախկին նախագահ Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել էր Թբիլիսիում, որից հետո նրան տեղափոխել են Ռուսթավի քաղաքի բանտ, որտեղ նա հացադուլ էր հայտարարել։ Նոյեմբերի 8-ին, առանց հարազատների և փաստաբանների համաձայնության, նա Ռուսթավի քաղաքի բանտից տեղափոխվել էր Թբիլիսիի բանտային հիվանդանոց (Գլդանիի շրջան)։ Նոյեմբերի 20-ին Սաակաշվիլին տեղափոխվել է Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ նա դադարեցրել է հացադուլը։ Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում։ Նա իր կալանավորումն անօրինական է համարում, իսկ մեղադրանքը կեղծված է