Ռումինիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել Ռուսաստանին հասանելիություն ապահովել հանրապետության տարածքում գտնվող ամերիկյան հակահրթիռային պաշտպանության օբյեկտներում ստուգումների համար։ Այս մասին չորեքշաբթի CNN-ին տված հարցազրույցում ասել է Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն։ Նրա խոսքով, սխալ կլինի ասել, որ «զուտ պաշտպանական օբյեկտը, որն ուղղված է ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ Եվրատլանտյան տարածքից դուրս հնարավոր հրթիռային սպառնալիքների դեմ, վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար»։
Ինչպես նշվում է իսպանական El Pais թերթում չորեքշաբթի օրը հրապարակված Ռուսաստանի անվտանգության առաջարկներին Վաշինգտոնի գաղտնի պատասխանի տեքստում, Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ռումինիայում և Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության օբյեկտները ստուգելու հնարավորությունը՝ ռուսական օբյեկտները ստուգելու դիմաց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Mk 41 հրթիռները, որոնք տեղակայված են Ռումինիայում և նախատեսվում է տեղակայել Լեհաստանում, հարմարեցված են Tomahawk հարվածային համակարգերի օգտագործմանը։