ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու հարցով այս պահին դեռ հաստատված դիրքորոշում չունի. հայտարարել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցում։
«Մեր խմբակցությունը և խմբակցությունը ներկայացնող ուժերը, բնականաբար, առաջին հերթին պետք է այդ քննարկումները տանեն իրական ընդդիմադիր ուժերի հետ՝ հասկանալու թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, նաև իշխանության ներկայացրած թեկնածուի նկատմամբ իրենց դիրքորոշումը դրսևորելու վերաբերյալ: Այս պահին չկան հաստատված թեկնածուներ, մենք չունենք հաստատված դիրքորոշում՝ առաջադրելո՞ւ ենք, թե չենք առաջադրելու»,- ասել է Աբրահամյանը:
Նրա խոսքով, խմբակցությունն առաջիկայում հանդես կգա լրացուցիչ պարզաբանումներով: Աբրահամյանը միևնույն ժամանակ բացառեց այս հարցում իշխող ուժին աջակցելը: