Մամուլ

ԼՂ ԱԺ պատգամավորները նիստ են գումարել․ «Հրապարակ»

ԼՂ ԱԺ պատգամավորները նիստ են գումարել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի պատգամավորները Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում շաբաթ օրը ԱԺ նիստ են հրավիրել, որն առաջինն է արցախցիների բռնի տեղահանումից հետո։ Սակայն պաշտոնական տեղեկատվություն չեն հաղորդել։

Նիստին ներկա են եղել բոլոր պատգամավորները, բացառությամբ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ով ադրբեջանական գերության մեջ է: Նրան փոխարինում է և նիստն էլ վարել է Սամվել Բաբայանի կուսակից, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը։ Օրակարգում 2 հարց է եղել՝ 2 պատգամավոր մանդատ են ստացել և երդվել: և Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ձևավորել, որը միջազգային հարթակներում Արցախի հարցն է բարձրաձայնելու և Արցախ վերադարձի հարցերով է զբաղվելու։ Հանձնախմբում ընդգրկվել են արցախցի պատգամավորները, առաջիկայում այլ անձանց էլ կընդգրկեն։

Ինչո՞ւ ԱԺ նիստի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Ըստ ամենայնի, արցախցիները չեն համարձակվում հաղորդագրություն տարածել, քանի որ ՀՀ իշխանությունները դեմ են Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը։ Մեր աղբյուրներն ասում են, որ նիստի մասին հաղորդելու առաջարկ արվել է մի քանի ընդդիմադիր պատգամավորի կողմից, սակայն չի ընդունվել։ Անհասկանալի է, թե ինչու են նիստ գումարում, եթե պետք է գաղտնի մնա, և ոչ մեկը չիմանա։ Երեկ փորձեցինք ԱՀ պատգամավորներից մեկնաբանություն ստանալ, սակայն մեծ մասն անհետացել էր, մյուսներն արագ անջատում էին հեռախոսը: Իսկ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ խմբակցության ղեկավար Արամ Գրիգորյանը լսեց հարցը և ասաց, որ չի ուզում մեկնաբանել: Ավելի ուշ զանգահարեց մեզ և հորդորեց հետևել Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարություններին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական