Հասարակություն

Արմավիրում աշխատանքս արել եմ անմնացորդ նվիրումով, մաքուր սրտով ու մաքուր ձեռքերով. Խուդաթյան

Արմավիրում աշխատանքս արել եմ անմնացորդ նվիրումով, մաքուր սրտով ու մաքուր ձեռքերով. Խուդաթյան

Արմավիրի նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել համայնքի իր թիմին շուրջ վեց տարվա համատեղ աշխատանքի համար։

«Սիրելի՛ արմավիրցիներ, կառավարության այսօրվա նիստով նշանակվել եմ Արմավիրի մարզպետ ու նշանակումով պայմանավորված՝ երեկ ազատվել եմ Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնից:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին և կառավարությանը` բարձր վստահության համար:
Սիրելի՛ արմավիրցիներ, շնորհակալ եմ Ձե՛զ Արմավիր համայնքի ղեկավարի կարգավիճակով Ձեզ ծառայելու երկու հնարավորությունների համար, որը փորձել եմ օգտագործել արդյունավետ:

Այժմ չեմ ուզում անդրադառնալ շուրջ վեց տարվա ընթացքում արված և ընթացքում գտնվող աշխատանքներին. դրա առիթը վստահաբար դեռ կունենամ:
Ուզում եմ ընդամենը ասել, որ Արմավիր համայնքում աշխատանքս արել եմ անմնացորդ նվիրումով, մաքուր սրտով ու մաքուր ձեռքերով:

Շնորհակալ եմ Հանրապետության ամենամեծ ավագանու խմբակցությանը` Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի թիմին, համայնքապետարանի անձնակազմին, համայնքապետարանի ենթակա կառույցների անձնակազմերին, մարզային և համայնքային գործընկերներին` համատեղ աշխատանքի համար:
Արմավիր համայնքի ավագանու Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին, և հունվարի 15-ին համայնքի ղեկավար ընտրելու համար ավագանու արտահերթ նիստ կգումարի:

Վստահ եմ՝ պարոն Սարգսյանի ղեկավարությամբ Արմավիր համայնքը կզարգանա, հաջողությամբ կշարունակվեն ընթացքում գտնվող ծրագրերը, բազմաթիվ նոր ծրագրեր կիրականացվեն:

Արմավիրի մարզի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ գործընկերներ, մարզպետի պաշտոնում ևս կշարունակեմ  անմնացորդ ծառայել ծննդավայրիս` Բագարանից մինչև Փարաքար, Մարգարայից մինչև Քարակերտ: Հեշտ չի լինելու, բայց միասին հաջողելու ենք»,- ասվում է Խուդաթյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական