Քաղաքական

«Դժվար օրերին բարեկամներն են միշտ օգնության հասնում կամ ձեռք են մեկնում»․ ՀՀ նախագահ

«Դժվար օրերին բարեկամներն են միշտ օգնության հասնում կամ ձեռք են մեկնում»․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ:

Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում և շնորհակալ եմ Ձեր այցելության համար: Նման այցելությունները մեզ համար այս դժվարին օրերին կարևոր են: Շնորհակալություն նաև այն աջակցության համար, որ ցուցաբերում եք, որը ներառում է և նյութականը, ինչը շատ անհրաժեշտ է բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու համար, և քաղաքական աջակցությունը, որն արտահայտվում է հայտարարություններով, և, իհարկե, նաև՝ բարոյական, մարդկային աջակցությունը, որը մեր կողմից մեծապես գնահատվում է: Միշտ դժվար օրերին բարեկամները օգնության են հասնում կամ ձեռք են մեկնում, հիմա Ձեր օրինակը և Ձեր քայլը հենց այդպիսին է:

Վստահ եմ, նաև որ Ձեր այցելության ժամանակ շատ կոնկրետ քննարկումներ կլինեն, որոնք կնպաստեն մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը»:

Վարչապետ Շիմոնիտեն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ շեշտել է, որ կարևորում է Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակներում արդյունավետ համագործակցությունը և վերջինս շարունակական զարգացման հստակ միտում ունի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական քաղաքական, տնտեսական փոխգործակցության խթանման և առկա համագործակցային ներուժի լիարժեք իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում լավագույն փորձի փոխանական և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Երկուստեք ընդգծվել է Եվրամիության և միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցության կարևորությունն ու հետագա զարգացումը:

Զրույցի ընթացում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100.000 տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների և լուծումներ գտնելու ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հստակ դիրքորոշումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական