Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբն Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իր երկիրը մտահոգված է ԼՂ խնդրի շուրջ լարվածության կապակցությամբ։
«Միակ ճանապարհը այս պատմական հակամարտությունից դուրս գալու համար՝ բանակցություններն ու կոմպրոմիսներն են, եթե նույնիսկ դա դժվար է։ 2023 թվականին, մասնավորապես Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումների շրջանակներում պայմանավորվածությունները դրական առաջընթաց են: Երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների տարածքային ամբողջականությունները և ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել», - նշել է նա։
Ըստ Բելգիայի ԱԳ նախարարի, Բրյուսելում կայացած վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է և երկրների ղեկավարների պարտականությունն է ամեն ինչ անել հայ և ադրբեջանցի բնակիչներին թույլ տալու խաղաղության մեջ ապրել. «Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաև Երևանում և Բաքվում: Մենք հուսով ենք, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն»։
Նա ասել է, թե Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. «Բելգիան և ԵՄ-ն կշարունակեն իրենց դիվանագիտական շփումներում պնդել և գործել այս ուղղությամբ: Ինչպես գիտեք 2024 թվականի հունվարի 1-ից Բելգիան ԵՄ նախագահությունը կստանձնի, Հայաստանը եվրոպացիների համար կարևոր գործընկեր է և համաշխարհային անկայուն իրավիճակում մենք ցանկանում ենք ամրապնդել մեր գործընկերությունը»։